Օրվա ամփոփում. մենք նշում էինք հետախույզի օրը, ադրբեջանցիները՝ խախտում հրադադարը

Այսօր՝ նոյեմբերի հինգին հայկական բանակում նշում են հետախույզի օրը. 1992թ. այս օրը ազատամարտիկների որոշ ջոկատների հիմքի վրա ստեղծվեցին Պաշտպանության բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումները։ Տոնի առթիվ տեղի ունեցան հետախույզների ցուցադրական ելույթներ ՊՆ հարակից տարածքում։

Միջոցառմանը ներկա էին նաև պաշտպանոթյան նախարարն ու զինվորական դատախազը։ «Այսօր հայ հետախույզը պատրաստ է լուծել խաղաղ եւ մարտական գործողությունների ժամանակ իր առջեւ դրված խնդիրները»,- ՀՀ զինված ուժերի հետախուզական զորքերի 19-ամյակի պաշտոնական միջոցառմանը հետևելիս վստահեցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը : Օրվա խորհրդին ու միջոցառմանն անդրադարձէլ էին tert.am-ը, panarmenian.net-ը, lragir.am-ը և haynews.am-ը։

Զինդատախազ Գևորգ Կոստանյանը չէր շրջանցել բանակում մահացած զինվորների թեման և  ասել էր. «Այս տարվա ընթացքում կատարված’ հատկապես մահվան ելքով գործերի առնչությամբ, չբացահայտված գործ չունենք»։ Զինդատախազը նաև հավելել էր, որ նախորդ տարիներին բանակում արձանագրված մահվան դեպքերի մասով քննությունները կհանգուցալուծվեն ` որոշ գործեր կուղարկվեն դատարան, որոշները`կկարճվեն կամ կկասեցվեն։

Զինդատախազը չէր շրջանցել նաև երեկ՝ Աշոտ Կոստանդելյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի հայտարարությունը, որով նա նշում էր, թե իր պաշտպանյալը ցուցմունք է տվել ճնշման և սպառնալիքի տակ։ Թեման նոյեմբերի 4-ին տեղ էր գտել նաև Razm.info-յում։  «Փաստաբան Ստեփան Ոսկանյանը չէ, ցանկացած ուրիշ անձ՝ ով նման հայտարարություն կանի՝ մենք դիտում և ընդունում ենք որպես հանցագործության վերաբերյալ հայտարարություն կամ առնվազն քրեական գործ հարուցելու առիթ»,- նշել է Կոստանյանը՝ հավելելով, որ հանձնարարել է  քննել` փաստաբանի հայտարարությունը իրակա՞ն է, թե՞ ոչ:

Մինչ ՀՀ ՊՆ-ն ցույց է տալիս իր ռազմական ներուժը՝ Ադրբեջանը շարունակում է սահմանին տուն-տունիկ խաղալ և շուրջ 130 անգամ խախտել հրադադարը՝ կրակոցներ արձակելով  «АК», «СВД», «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ», «ПК», «ДШК», «ՈՒՏՅՈՍ» տիպի զինատեսակներից։ Թեմային անդրադարձել էին tert.am-ը և haynews.am-ը։

Վերջում նշենք, որ ԼՂ Հադրութի շրջանի զորամասում վերջերս հանկարծամահ եղած զինվորի մահվան կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառը վերջնականապես հաստատելու համար: Հիշեցնենք, որ պատահարին անդրադառնալով, Սեյրան Օհանյանը նշել էր, որ հանկարծամահ եղած զինվորը զորակոչվելիս առողջ էր եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *