Զորամասերում ավելացել են սպիտակ աղավնիները. ամփոփում

Այսօր մամուլի ուշադրության կենտրոնում էին՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունները, նրա պաշտոնանկության հարցը, նախարարի կողմից ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի ընդունելությունը, ինչպես նաև անդրադարձ էր կատարվում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությանը: Սրանք պաշտոնական մակարդակում, իսկ ոչ պաշտոնական մակարդակում՝ մինչ Երևանի կենտրոնում Վարդգես Գասպարին մեղադրանքներ էր հնչեցնում նոր ոստիկանապետ, նախինում՝ Ռազմական ոստիկանության պետ, դեռ վերջերս Պաշտպանության փոխնախարար՝ Վլադիմիր Գասպարյանի հասցեին՝ հասարակական գործիչները կիսվում էին սահմանամերձ զորմասերից ունեցած իրենց տպավորություններով։

Սկսենք պաշտոնական լրատվությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցում Սեյրան Օհանյանն անդրադարձել էր երկու խնդրի՝ բանակում հանկարծամահ եղած զինվորը առողջ էր և երկրորդ՝ բանակը բաց է համագործակության համար։ Նախարարը նաև հավաստիացրել է. «Բանակում մահվան բոլոր դեպքերի բացահայտման համար տարվում է լիարժեք աշխատանք»։

Վերոնշյալ թեմաներին անդրադարձել են՝ panorama.am-ը, lragir.am-ը, slaq.am-ը։

Հաճախակի դարձած հրաժարականների ֆոնին շոշափվում է նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը։ Panarmenian.net-ի հարցմանն ի պատասխան`  Պաշտպանության նախարարի մամլո պատասխանատու Դավիթ Կարապետյանն ասել է, որ Սեյրան Օհանյանի հրաժարականի մասին ասեկոսեները չի մեկնաբանում։

Ճեպազրույցից հետո նախարարն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին, ով նաև աշխատանքային այց է կատարել 102 ռազմակայանի ստորաբաժանումներ` նոր ուսումնական տարվա պատրաստության գործում հրամանատարությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Իսկ ադրբեջանական կողմն այսօր էլ պարապ չէր մնացել և որոշել էր սեփական բանակում տեղի ունեցող անկարգության արդյունքը բարդել հայկական կողմի վրա, այն է՝ 25-ամյա լեյտենանտ է զոհվել։ ԼՂՀ ՊԲ-ի մամլո պատասխանատու Սենոր Հասրաթյանը panarmenian.net-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հայկական կողմը հավատարիմ է հրադադարի ռեժիմին և դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է։

Մինչ ԼՂՀ ՊԲ-ն հերքում է՝ Վարդգես Գասպարին Երևանում՝ կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, անդրադառնալով նախկին ՌՈ պետ Վլադիմիր Գասպարյանի՝ նոր՝ ոստիկանության պետի պաշտոնին, ասել է. «Ինչպես ապահովել է զինվորների անվտանգությունը այնպես էլ կպահովի քաղաքացիներինը»։

Վերոնշյալ թեմաները կարծես թե արդեն առօրեական են, եթե դրանք համեմատելու լինենք երկու հետաքրքիր գրառումների հետ։ Tert.am-ի բլոգում կարդում ենք Մարինե Պետրոսյանի տպավորությունները ԼՂ-ի զորամասերից, որտեղից վերջինս նոր է վերադարձել և հասցրել է արձանագրելով մի շարք դրական փոփոխություններ։ Սակայն Մարինե Պետրոսյանը միակը չէ, ով նկատել է զորմասերի զգալի առաջընթացը և զգացել սահմանին կանգնած զինվորի ոգևորությունը և պայքարի ուժը։

Զինծառայության ավարտից որոշ ժամանակ անց սահմանամերձ զորամաս է վերադարձել Արմեն Գրիգորյանը և արձանագրել, որ զորամասերում ավելացել են աղավնիները, որոնք ոչ այլ ինչ են, քան հայի կողմից վստահորեն պահպանվող խաղաղության խորհրդանիշ։

Մնում է ցանկանալ և հավատալ, որ սպիտակ աղավնիները կլինեն ոչ միայն զորամասերում կամ մասնավոր բակերում, այլ դրանցով լի կլինի Հայոց երկինքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *