Սլովակիայի զինված ուժերի զինծառայողներն իրենց ուկրաինացի գործընկերներին կսովորեցնեն ինչպես ականազերծել տարածքները, ինչի մասին հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Մարտին Գլվաչը:
«Ջեյնս» ռազմական հանդեսի հավաստմամբ՝ նախարարը հայտնել է, որ այս մասին արդեն պայմանավորվածություն կա Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Հելեթեյի հետ, որը ձեռք են բերել վերջինիս՝ Սլովակիա կատարած այցի ժամանակ:
Սլովակիայի մասնագետներն ուկրաինացիներին սովորեցնելու են, թե ինչպես հատուկ սարքավորումների օգնությամբ մաքրել տարածքները հակահետևակային ու հակատանկային ականներից:
Դասընթացը անցկացվելու է Սլովակիայում: Ներկայում երկու երկրների պաշտպանության նախարարությունները հստակեցնում են դասընթացի ժամկետներն ու դասերի մասնակից ուկրաինացի զինծառայողների քանակը:
Սլովակիայի պաշտպանության նախարարը նշել է նաև, որ իր երկիրը պատրաստ է Ուկրաինայի հավելյալ ռազմական օգնություն տրամադրել, սակայն այդ օգնությունը պիտի «տեղին լինի»:
Ավելացնենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքում 2014-ի ապրիլի կեսերից բախումներ են ընթանում ուկրաինացի ուժայինների և տեղի ապստամբների զինված խմբերի միջև, ու ականազերծման աշխատանքները ուկրաինացիներին թույլ կտան խուսափել ականների պայթյունների պատճառով զինծառայողների կորստից: