Ուկրաինացի զինծառայողներն ականազերծման դասեր կստանան Սլովակիայում

Սլովակիայի զինված ուժերի զինծառայողներն իրենց ուկրաինացի գործընկերներին կսովորեցնեն ինչպես ականազերծել տարածքները, ինչի մասին հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Մարտին Գլվաչը:

Սլովակիայի պաշտպանության նախարար Մարտին Գլվաչը

Սլովակիայի պաշտպանության նախարար Մարտին Գլվաչը

«Ջեյնս» ռազմական հանդեսի հավաստմամբ՝ նախարարը հայտնել է, որ այս մասին արդեն պայմանավորվածություն կա Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Հելեթեյի հետ, որը ձեռք են բերել վերջինիս՝ Սլովակիա կատարած այցի ժամանակ:

Սլովակիայի մասնագետներն ուկրաինացիներին սովորեցնելու են, թե ինչպես հատուկ սարքավորումների օգնությամբ մաքրել տարածքները հակահետևակային ու հակատանկային ականներից:

Դասընթացը անցկացվելու է Սլովակիայում: Ներկայում երկու երկրների պաշտպանության նախարարությունները հստակեցնում են դասընթացի ժամկետներն ու դասերի մասնակից ուկրաինացի զինծառայողների քանակը:

Սլովակիայի պաշտպանության նախարարը նշել է նաև, որ իր երկիրը պատրաստ է Ուկրաինայի հավելյալ ռազմական օգնություն տրամադրել, սակայն այդ օգնությունը պիտի «տեղին լինի»:

Ավելացնենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքում 2014-ի ապրիլի կեսերից բախումներ են ընթանում ուկրաինացի ուժայինների և տեղի ապստամբների զինված խմբերի միջև, ու ականազերծման աշխատանքները ուկրաինացիներին թույլ կտան խուսափել ականների պայթյունների պատճառով զինծառայողների կորստից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *