Վերջին շրջանում սահմանին լարված իրավիճակի հետ մեկտեղ ադրբեջանական կողմը նաև հաքերային հարձակումներ է իրականացրել հայկական լրատվակայքերի դեմ: Հարձակումներից մեկի զոհ է դարձել Tert.am կայքը, որը հարձակման հետևանքով շարունակել է գործել, սակայն կայքում ադրբեջանցիները տեղադրել են ռուսալեզու նյութ՝ իբր ՊԲ-ն հաստատում է իր՝ առաջնագծում սպանված 20, վիրավորված 26 զինծառայողի լուրը: Սա թույլ էր տվել ադրբեջանական մի շարք կայքերի պնդելու, թե իբր հայկական զինուժի զոհերը շատ ավելի են 2-3 օրվա ընթացքում, քան իրենցը:
Որոշ ժամանակ անց կայքի խմբագրությունը, տեղեկացվելով կատարվածի մասին, հեռացրել էր հաքերների տեղադրած հրապարակումը՝ իր ընթերցողներին հայտնելով, որ լուրը կեղծ է եղել:
Նկատենք, որ կայքն ամբողջովին չխափանելու և այնտեղ տվյալ կողմին ձեռնտու գրառում տեղադրելու գործելաոճը բնորոշ է նաև հայ հաքերների խմբավորումներին: Մասնավորապես, 2014-ի փետրվարի 6-ին ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկում՝ Haqqin.az-ում, հայ հաքերները տեղադրել էին գրառում, որը վկայում էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստամոքսի քաղցկեղից շուտով կմահանա: Կայքի խմբագրությունը միայն օրեր անց էր նկատել այս գրառումը: 2014-ի ապրիլի սկզբին ընթերցողների լայն զանգված ունեցող ադրբեջանական մեկ այլ՝ Day.az կայքում հայ հաքերներն Ադրբեջանի զինված ուժերի մասին նյութում տեղադրել էին հայկական բանակի վերաբերյալ քարոզչական տեսանյութ:
Հավելենք նաև, որ այս երկու օրերին հայ հաքերները խափանել են մի քանի ադրբեջանական կայքեր՝ տեղադրելով հայկական զինուժի՝ առաջնագծում ադրբեջանական հարձակումները հետմղած զինծառայողների լուսանկարները: