«Ուկրօբորոնպրոմի» պատվիրակությունը ժամանելու է Ադրբեջան

Ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Սերգեյ Գրոմովի գլխավորությամբ, 2014-ի փետրվարի վերջին այցելելու է Ադրբեջան։

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ այցի ընթացքում ադրբեջանական կողմի հետ քննարկելու են ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում առաջնային հիմնահարցեր։

Ուկրաինական աղբյուրներն այցի մասին այս պահի դրությամբ որևէ բան չեն հաղորդել։

Նշենք, որ «Ուկրօբորոնպրոմը» մտադիր է մասնակցել 2014-ի սեպտեմբերին Բաքվում անցկացվելիք ADEX-2014 միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսին։ Նախնական տվյալներով՝ կոնցերնը ցուցահանդեսին ներկայացնելու է նոր ԲՏՌ-4ՄՎ զրահափոխադրիչը։ Այս մասին 2013-ի դեկտեմբերին հայտնել է ուկրաինական autocentre.ua լրատվակայքը։

Առաջին անգամ ԲՏՌ-4ՄՎ զրահափոխադրիչը ցուցադրվել է 2013-ի փետրվարին ԱՄԷ մայրաքաղաք Աբդու-Դաբիում անցկացված IDEX-2013 ցուցահանդեսին։

ԲՏՌ-4ՄՎ-ն ստացել է առաջնամասի նոր ձևավորում, ի տարբերություն իր նախորդի՝ վարորդն ու հրամանատարը դուրս գալու համար ունեն առանձին ելքեր, կողային դռնակները հանվել են։

Նկատենք նաև, որ Ադրբեջանը 2012-ին ևս ուկրաինական զենքի գնորդ էր. Ուկրաինայից ձեռք է բերել 14 միավորԲՏՍ-5Բ զրահապատ քարշակներ։

Բացի այդ, 2014-ի հունվարին ուկրաինական լրատվակայքերի համաձայն՝ Ադրբեջանը հետաքրքրված է «Ուկրօբորոնպրոմի» արտադրած նոր VPR.308 ու VPR.338LM դիպուկահար հրացաններով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *