Սիրիայի իսլամիստական 6 խմբավորում նոյեմբերի 22-ին հայտարարել է, որ ստեղծել է միասնական մարտական կառույց՝ «Իսլամական ճակատ» անունով։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ իսլամիստները միավորվում են 3 ամսով։ Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը։
«Փառք Ալլահին, մենք ավարտեցինք խմբավորումների միացման գործընթացը»,- նշել է «Թաուհիդ բրիգադի» ներկայացուցիչը։
Ըստ հայտարարության՝ «Իսլամական ճակատ» են մտել «Ահրար ալ-Շամ», «Իսլամի բանակ», «Սուկուրալ-Շամ», «Լիվա ալ Հաք» և «Անսար ալ Շամ» խմբավորումները։ Նոր խմբավորման ներկայացուցիչները վստահեցրել են, որ իրենց դռները բաց են մյուս ապստամբների համար։
Թե ինչպես պետք է գործեն հետագայում, նրանք կորոշեն նախանշված ժամկետից հետո։
Նշենք, որ հյուսիսային Սիրիայի իսլամիստների միավորումն ավարտվել է «Թաուհիդ բրիգադի» ղեկավար Աբդել Կադեր Սալեհայի մահից հետո։ Նա մահացել էր կառավարական զորքերի ռմբակոծությունից ստացած վերքերից։
Նշենք, որ լուրեր են տարածվում, թե այս միավորումն արդեն անհանգստացնում է կառավարական զորքերին և «Իրաքի և Լևանտի իսլամիստական խմբավորման» արմատական իսլամիստներին։
Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։