Սիրիայի զինյալները գրավել են երկրի նավթային խոշորագույն հանքավայրը

Սիրիայի զինյալներին նոյեմբերի 23-ին հաջողվել է կառավարական զորքերից խլել երկրում նավթի խոշորագույն հանքավայրը Ալ-Օմարը, որը երկրի արևելքում է։ Սա կարող է զգալիորեն թուլացնել կառավարական ուժերի դիրքերը։ 

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում տալով տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, «ալ Կաիդայի»-ի հետ առնչություն ունեցող «ալ Նուսրայի ճակատ» զինյալների խմբավորումը վերահսկողություն է հաստատել Սիրիայում ամենամեծ հանքավայրի վրա։ Ըստ այդմ էլ՝ ստացվում է՝ զինյալների տրամադրության ներքո են երկրում նավթի պաշարների զգալի մասը։

Պաշտոնական արձագանքներ այս տեղեկությանը դեռևս չեն գրանցվել։

Միևնույն ժամանակ, համաձայն ոչ պաշտոնական աղբյուրների՝ Սիրիայի կառավարական զորքերն իրենց վառելիքի պահանջները բավարարում են Իրանի օգնությամբ, սակայն պաշտոնական Թեհրանը կտրականապես մերժում է նմանատիպ լուրերը։

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100-120 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *