Հոգեբանական հաղթահարման արգելագոտին փորձարկվեց «Արձագանք-2013»-ի ժամանակ

Զինտեխնիկայի կրակի ձայն, մթություն, դիակներ, ականապատ տարածք, սատկած կենդանիների նեխածահոտ: Սրանք հոգեբանական հաղթահարման արգելագոտի կոչվող վարժարանի բաղկացուցիչ հատվածներից մի մասն են, որն այսօր` հոկտեմբերի 8-ին, «Արձագանք-2013» զորավարժության ընթացքում հաղթահարեցին ՀՀ ԶՈւ զինծառայողները:

Արգելագոտին ներսից

Արգելագոտին ներսից

Հոկտեմբերի 7-ից մեկնարկած «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներին այսօր միացան նաև կառավարության անդամները` գերատեսչությունների ղեկավարները, մարզպետները:

Կառավարության անդամները հոգեբանական հաղթահարման արգելագոտու ներկայացմանը

«Բաղրամյան» զորավարժարանում Կառավարության անդամները` վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ, օրը սկսեցին հենց հոգեբանական արգելագոտուց: Նախ ներկաներին ներկայացվեց առաջադրանքը, որից հետո զինծառայողներն անցան գործի: Հոգեբանական արգելագոտու տարբեր փուլերում նրանք պետք է կարողանային իրենց ճիշտ պահել և դուրս գալ տարածքից:

Գոյություն ունի սովորական արգելագոտի կոչվածը, սակայն հոգեբանական հաղթահարման արգելագոտին էականորեն տարբերվում է դրանից: Սովորականի ժամանակ օգտագործված են փշալարեր, գործողությունը զինծառայողը կատարում է բացօթյա, իսկ հոգեբանականի դեպքում` շեշտը դրվում է զինծառայողների հոգեբանական պատրաստվածության վրա: Պայմանները հնարավորինս մոտեցված են մարտականին` ձայները, տեսարանները, հոտը: Այսինքն`հնարավոր պատերազմում զինծառայողի համար իրավիճակը հոգեբանական մեծ ցնցում չի առաջացնի նման վարժանքներից հետո:

Հոգեբանական հաղթահարման արգելագոտին ներսից

Հոգեբանական հաղթահարման արգելագոտին ներսից

Հոգեբանական հաղթահարման արգելագոտու վարժության մասնակիցները

Վարժություն կատարվեց ըստ հերթականության`ջոկի երկու զինծառայողներ խրամատից վազեվազքով մտան արգելագոտի, սրընթաց գրոհով հաղթահարեցին համապատասխան տեղամասերը և գրավեցին հակառակորդի առաջնային գիծը, որից հետո հետապնդելով նահանջող թշնամուն` հաղթահարեցին դժվարանցանելի հատվածն ու զբաղեցրին կրակային բնագիծը` ստանալով զինամթերք:

Նշենք, որ արգելագոտով անցան ոչ միայն զինծառայողները, այլ նաև Կառավարության անդամները, ինչպես նաև լրագրողները:

Ռազմինֆոյի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նման արգելագոտի կա միայն հանրապետության կենտրոնական զորավարժարանում: Առաջիկայում նախատեսվում է այսպիսի արգելագոտիներ պատրաստել նաև այլ մեծ զորավարժարաններում:

One response to “Հոգեբանական հաղթահարման արգելագոտին փորձարկվեց «Արձագանք-2013»-ի ժամանակ

  1. Pingback: Մեկնարկել է «Շանթ-2015» զորավարժության կրակային փուլը. թարմացվող լրահոս | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *