Պենտագոնը Գուանտանամոյի կալանավայրը փակելու համար պատասխանատու է նշանակել

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը նշանակել է Պոլ Լյուիսին «Գուանտանամո Բեյ» ռազմաբազայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածների կալանավայրը փակելու գործընթացի համակարգող։

«Գուանտանամո Բեյ» կալանավայրը

«Գուանտանամո Բեյ» կալանավայրը

Նախարարի խոսքերով՝ Լյուիսը, որն աշխատել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում պաշտպանության գծով հանձնաժողովում, օժտված է անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։ Լյուիսը ժամանակին զբաղվել էր նաև Կուբայում տեղակայված կալանավայրի հարցերով։

Նշենք, որ պետքարտուղարության կողմից «Գուանտանամո Բեյ»-ի կալանավայրի փակման համակարգող է նշանակվել Քլիֆորդ Սլոանը։ Ակնկալվում է, որ վերջինս Լյուիսի հետ համատեղ կաշխատեն այս բնագավառում նոյեմբերից սկսած։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանրության ճնշման ներքո բազմիցս խոստացել է փակել կալանավայրը, սակայն այն մինչ օրս գործում է, քանի որ դեռ չեն որոշել՝ որտեղ տեղափոխել պոտենցիալ վտանգ ներկայացնող բանտարկյալների։

Հավելենք, որ «Գուանտանամո Բեյ»-ի կալանավայրը գործում է 2001-ից։ Այն ի սկզբանե ստեղծվել է ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներին քննելու նպատակով։ Իրավական բարդություններից խուսափելու և ավելի ազատ գործելու համար՝ ԱՄՆ-ն կալանավայրը տեղակայել է ոչ թե իր, այլ Կուբայի տարածքում։

Այժմ այնտեղ պահվում է պաշտոնական տվյալներով 164 կալանավոր։ Իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ քննադատել են կալանավայրում գործող դաժան պայմաններն ու երբեմն առանց հիմքերի ձերբակալության դեպքերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *