Պենտագոնի ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ Աֆղանստանում ԱՄՆ բանակի զինծառայողների թիվը նախկինում պաշտոնապես հայտարարվածից մի քանի հազարով ավելի է. հայտարարված շուրջ 8,5 հազարի փոխարեն 11 հազար զինծառայող: Այս մասին հայտնում է ամերիկյան Washington Post պարբերականի կայքը:
Նշվում է, որ ամերիկյան կողմը առաջիկա ամիսներին նախատեսում է ավելի մեծացնել Աֆղանստանում զորախմբի քանակը՝ հասցնելով 15 հազարի:
Մինչ այս ԱՄՆ-ն նշում էր, որ Աֆղանստանում ունի 8400 զինծառայող, որոնք ներգրավված են Աֆղանստանի բանակի մարզումներում, խորհրդատվական աշխատանք են իրականացնում:
Հիշեցնենք, որ 2017 թ. հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի (պաշտպանության դեպարտամենտ) ղեկավար Ջեյմ Մետտիսին լիազորել էր ինքնուրույն փոփոխել Աֆղանստանում ամերիկյան զորախմբի քանակը:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական առաքելություն» գործողությանը բացի ԱՄՆ-ից ներգրավված են նաև ՆԱՏՕ-ի այլ և գործընկեր պետությունների շուրջ 4-5 հազար զինծառայող, այդ թվում՝ նաև ՀՀ ԶՈւ 126-131 զինծառայող: Այս ուժերը հիմնականում զբաղվում են աֆղանական բանակին մարզելու, կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու հարցերով:
Ավելացնենք, որ Թրամփը ավելի վաղ պաշտպանության նախարարին լիազորել էր փոփոխել նաև Սիրիայում և Իրաքում ներգրավված զորախմբերի քանակը: