Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այս տարի կունենա 210 աշակերտ՝ հանրապետության բոլոր մարզերից: Իսկ դիմորդների քանակի ավելացման պարագայում, հնարավոր է ընդլայնել կրթահամալիրը: Այս մասին, «Հայ Զինվորի» փոխանցմամբ, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«…Հույս ունեմ, որ վարժարանն ավարտած սաների մեծ մասը կընտրի սպայական մասնագիտությունը եւ կշարունակի ուսումը բարձրագույն ռազմական հաստատություններում»,— նշել է նախարարը:
Նշենք, որ այս տարի առաջին անգամ վարժարան ընդունելությունը անցկացվել է մրցույթային հիմունքներով՝ 1 տեղի համար 3 դիմորդ: Սա ենթադրում է, որ վարժարանում կրթություն ստանալու համար դիմել է շուրջ 600 դիմորդ:
Օգոստոսի 30-ին Դիլիջանում կայացել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ վարժարանի դասղեկները, դասակի ու վաշտի հրամանատարները զինվորականներ են, իսկ ուսուցչական կազմը դասավանդելու է քաղաքացիական հիմունքներով:
Կառավարության որոշմամբ վարժարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գեղամ Սարգսյանը: Կանոնադրության համաձայն՝ տնօրենի ընտրությունը պետք է կատարվի բաց մրցույթով: Հաջորդ նիստին կներկայացվի հայտարարությունն ու մրցույթի անցկացման կարգը: Ռազմական գծով փոխտնօրեն է ընտրվել գնդապետ Ալեքսան Մինասյանը, ով վարժարանի հիմնադիրներից է:
Հոգաբարձուների խորհրդի անդամները.
- ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան (խորհուրդի նախագահ)
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ–մայոր Օնիկ Գասպարյան
- արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան
- Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստյան
- «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյան, «Այբ» կրթահամալիրի տնօրեն Արամ Փախչանյան, զարգացման ծրագրերի գծով փոխտնօրեն Սոնա Կոշեցյան
- պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Սոնա Ղարիբյանը
- ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը
- ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյան
- ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յաղուբյան
- Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյան
Ավելի վաղ՝ օգոստոսի 10-ի նիստի ընթացքում, ՀՀ կառավարությունը հաստատել էր «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը։