ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին (ԱՄՆ պաշտպանության նախարարություն) թույլատրել է ինքնուրույն գործել Սիրիայում և Իրաքում իրականացվող ռազմագործողությունների ընթացքում: Այդ թվում ԱՄՆ ՊՆ ղեկավարը ստացել է Իրաքում և Սիրիայում ներգրավված զինծառայողների թվաքանակը փոփոխելու լիազորություն:
Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով ԱՄՆ ՊՆ աշխատակից Քրիստոֆեր Շերվուդից ստացած տեղեկությունը:
Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ Թրամփը այդ լիազորությունները տրամադրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսի համապատասխան դիմումի հիման վրա: Սակայն, ըստ Շերվուդի, առայժմ Սիրիայում և Իրաքում տեղակայված ամերիկյան զինծառայողների թվաքանակը չի ավելացվել:
Շերվուդը նշել է, որ ԱՄՆ բանակի մարտավարությունում ևս փոփոխություններ չկան: Ամերիկյան ստորաբաժանումները շարունակելու են հենվել տեղական ուժերի հետ համագործակցության վրա: Իսկ Իրաքում անցկացվող բոլոր գործողությունները բխելու են Բաղդադի հետ կայացած համաձայնություններից:
Ըստ Պենտագոնի ներկայացուցչի՝ այս փոփոխությունը թույլ կտա հրամանատարներին տեղերում ավելի շարժունակ լինել և ավելի օպերատիվ որոշումներ կայացնել:
Ըստ «ՏԱՍՍ»-ի տվյալների՝ Միացյալ Նահանգները ներկայում Իրաքում տեղակայել է 5262, իսկ Սիրիայի տարածքում՝ 503 զինծառայող:
Ավելացնենք, որ Իրաքում տեղակայված ստորաբաժանումները 2016 թ. հոկտեմբերից ներգրավված են Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական գործողություններին: Սակայն հիմնական ուժը կազմում են Իրաքի բանակի և տեղի քրդական ինքնավարության ստորաբաժանումները:
Սիրիայի տարածքում ամերիկյան զինծառայողները տեղակայված են տեղի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում և դաշնակցում են նրանց հետ: Այս հանգամանքը քանիցս հանգեցրել է Թուրքիայի և ԱՄՆ միջև լուրջ հակասությունների: Թուրքիան քրդական այդ կառույցներին դիտարկում է որպես Թուրքիայում ահաբեկչական կառույց ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) «սիրիական թև»:
Սակայն Պենտագոնի ներկայացուցչի հայտարարությունից բխում է, որ ամերիկյան կողմը շարունակելու է դաշանկցել քրդերի հետ Իրաքի և Սիրիայի տարածքում: