Օգոստոսի 21-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Քուլփ գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են «գյուղական պահապանների» վրա, վիրավորվել է 1 «գյուղական պահապան»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Այսպես կոչված «գյուղական պահապանները» Թուրքիայի ժանդարմերիայի կազմում գործող, հենց քրդերից կազմված ջոկատներ են, որոնք պետք է պայքարում են քրդական PKK-ի դեմ: Թուրքիայի իշխանությունները նրանց զինում է քրդերին ջլատելու և նրանց իրար դեմ հանելու համար:
Այս միջադեպի ժամանակ վիրավորված «գյուղական պահապանը» տեղափոխվել է հիվանդանոց: Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում Դիարբեքիրում քուրդ զինյալների դեմ:
Նույն օրը Քուլփ գավառում Թուրքիայի զինուժը հարվածել է քրդերին տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ով, «շարքից հանվել է» PKK-ի 1 զինյալ: Թուրքիայի ուժայինները քրդերի դեմ օգտագործում են հիմնականում տեղական արտադրության «Բայրաքթար» և «Անքա» ԱԹՍ-ներ:
Օգոստոսի 21-ին Թուրքիայի ժանդարմերիան գործողություններ է իրականացրել PKK-ի զինյալների դեմ նաև Վան նահանգի Գյուլփնար գավառում, սպանվել է 2 զինյալ: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ քրդական ուժերը փորձել են պայթուցիկներով բեռնված մեքենա պայթեցնել, սակայն ուժայինները հայտնաբերել և ոչնչացրել են մեքենան:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: Բախումները առավել ակտիվ են երկրի արևելյան և հարավարևելյան նահանգներում, որոնք հիմնականում քրդաբնակ են: