Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է 1 «գյուղական պահապան»

Օգոստոսի 21-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Քուլփ գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են «գյուղական պահապանների» վրա, վիրավորվել է 1 «գյուղական պահապան»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում

Այսպես կոչված «գյուղական պահապանները» Թուրքիայի ժանդարմերիայի կազմում գործող, հենց քրդերից կազմված ջոկատներ են, որոնք պետք է պայքարում են քրդական PKK-ի դեմ: Թուրքիայի իշխանությունները նրանց զինում է քրդերին ջլատելու և նրանց իրար դեմ հանելու համար:

Այս միջադեպի ժամանակ վիրավորված «գյուղական պահապանը» տեղափոխվել է հիվանդանոց: Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում Դիարբեքիրում քուրդ զինյալների դեմ:

Նույն օրը Քուլփ գավառում Թուրքիայի զինուժը հարվածել է քրդերին տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ով, «շարքից հանվել է» PKK-ի 1 զինյալ: Թուրքիայի ուժայինները քրդերի դեմ օգտագործում են հիմնականում տեղական արտադրության «Բայրաքթար» և «Անքա» ԱԹՍ-ներ:

Օգոստոսի 21-ին Թուրքիայի ժանդարմերիան գործողություններ է իրականացրել PKK-ի զինյալների դեմ նաև Վան նահանգի Գյուլփնար գավառում, սպանվել է 2 զինյալ: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ քրդական ուժերը փորձել են պայթուցիկներով բեռնված մեքենա պայթեցնել, սակայն ուժայինները հայտնաբերել և ոչնչացրել են մեքենան:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: Բախումները առավել ակտիվ են երկրի արևելյան և հարավարևելյան նահանգներում, որոնք հիմնականում քրդաբնակ են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *