Օգոստոսի 12-14-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները վարժանքներ են արել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Հայտարարվող նպատակներից մեկը Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության ապահովումն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՍԾ կայքը:
Բացի էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության ապահովումից, զորավարժության ընթացքում նաև իրականացվել են անօրինական առևտրի, մաքսանենքության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մեխանիզմների մշակման «հակաահաբեկչական» վարժանքներ:
Նշվում է, որ զորավարժությանը ներգրավվել են բացառախպես Ադրբեջանում հավաքված նավեր: Զորավարժությանը ներգրավվել են ՊՍԾ առափնյա անվտանգության և արագ արձագանքման ուժերը:
Զորավարժություն անցկացվել է 3 փուլով՝ 10 մարտավարական դրվագով: Խաղարկվել են նավթագազային շրջանների, հարթակների, արտահանման խողովակների պաշտպանության և պահպանության հետ կապված ՊՍԾ առափնյա անվտանգության ուժերի և արագ արձագանքման ստորաբաժանումների՝
- առօրյա ռեժիմից արտակարգ ռեժիմով ծառայության անցնելու,
- առանց հարցմանը պատասխանելու շրջանից հեռացող նավի կանգնեցման համար ազդանշանային կրակի,
- ուղղաթիռից նավի վրա դեսանտավորման,
- «ահաբեկչական խմբի վնասազերծման» և այլ գործողություններ:
Զորավարժության փուլերից մեկում իրականացվել են կրակային վարժանքներ՝ արագ արձագանքման ուժերի հրթիռային, զենթիահրետանային համալիրներից՝ ստորջրյա, վերջրյա և օդային թիրախներին:
Հավելենք, որ 2014 թվականից Ադրբեջանում (Թյուրքան ավանում) գործում է նավերի կառուցման և վերանորոգման կենտրոն: Այնտեղ 2011 թ. իսրայելական զենքի արտահմանման SIBAT գործակալության և Israel Shipyards նավաշինական գործարանի հետ կնքված համաձայնագրով հավաքվում են իսրայելական արտադրության 6 միավոր Shaldag Mk V արագընթաց պարեկային կատերներ և OPV 62 (Saar 62) փոքր հրթիռային կատերներ:
Մինչ օրս Ադրբեջանի համար արտադրած և շահագործման հանձնված 6 միավոր Shaldag պարեկանավերը կրում են S-301 ” S-306 կողային համարները: Saar 62 փոքր հրթիռային նավերից շահագործման է հանձնվել 3 միավոր (S-201, S-202, S-203), որոնցից վերջինը՝ 2017 թ. մայիսին: Զորավարժությանը ներգրավվել էին հենց նշված 9 միավոր նավերը: