Իսրայելն Ադրբեջանին տրամադրելու է պարեկային ու հրթիռային կատերներ

Ադրբեջանի առափնյա անվտանգության ծառայության համար ադրբեջանական Թյուրքան ավանում իսրայելական Israel Shipyards ընկերությունը հավաքում է 6 միավոր Shaldag Mk V պարեկային կատեր և 6 միավոր Saar 62 հրթիռային կատեր։

Ադրբեջանի՝ S-301 կողային համարով Shaldag Mk V կատերը

Ադրբեջանի՝ S-301 կողային համարով Shaldag Mk V կատերը

Այս մասին հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը։

Հիշեցնենք, որ ադրբեջանաիսրայելական սույն համագործակցության մասին հայտնի է դարձել դեռևս 2014-ի հուլիսին, պարզապես այդ ժամանակ բաց աղբյուրներում չէր հրապարակվել հավաքվելիք կատերների քանակը։

Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսին ներկա էր Բաքվի Խազարի շրջանի Թյուրքան ավանում՝ Կասպից ծովի ափին, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության բաժանմունքի նոր նավաշինական գործարանի բացմանը։

Բաց աղբյուրներում տարածված լուսանկարներից երևում էր, որ նախագահին ներկայացված 3-րդ դասի կատերներն իսրայելական Israel Shipyards իսրայելական ընկերության արտադրած Shaldag պարեկային կատերներ են։ Դրանցից մեկը կրում է S-301, մյուսը՝ S-302 կողային համարը։ Առաջինը ընթացային փորձարկումներ է անցնում, երկրորդը հուլիսի 18-ին պատրաստել են ջուրն իջեցնելու համար։

Ադրբեջանի համար նախատեսված կատերները զինված են Rafael Typhoon  կողային,  ավտոմատ կառավարմամբ կայանով, որը ենթադրաբար օգտագործում է 23 մմ տրամաչափի ավտոմատ հրանոթ։ Բացի այդ, կատերը կրում է Rafael Mini հեռակառավարմամբ կայան՝ 12.7 մեկ ու 7.62 մմ երկու գնդացիրներով, ինչպես և կառավարվող հրթիռային մեկ համալիր (կարող է լինել Rafael Spike-NLOS հրթիռային համալիր)։ Կատերի ջրատարողությունը 50-56 տոննա է, երկարությունը՝ 24.8 մ, լայնությունը՝ 6 մ, արագությունը՝ 50 հանգույց (25.7 կմ/ժ), ընթացքի հեռավորությունը՝ 700 մղոն, անձնակազմը՝ 15 հոգի։

Հիշեցնենք, որ 2014-ի մարտի սկզբին հայտնի էր դարձել՝ Ադրբեջանը թուրքական Nektonbot ընկերությունից գնել էր  SHARK PEY-014 պարեկային զրահապատ կատեր,ամենայն հավանականությամբ, իր պետական պահպանության հատուկ ծառայության համար։

2 responses to “Իսրայելն Ադրբեջանին տրամադրելու է պարեկային ու հրթիռային կատերներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանում շահագործման է հանձնվել իսրայելական արտադրության 3-րդ պարեկային կատերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *