Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայից հերքել են արաբական մամուլում տարածված լուրերը, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո է թողել Սիրիայի հարավային Թանֆ ռազմաբազան։
Այս մասին օգոստոսի 4-ին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են կոալիցիայից։
Ավելի վաղ արաբական «Ալ-Ախբար» թերթը, սեփական աղբյուրների վրա հղումով անելով, հայտնել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ձեռք բերած համաձայնության շրջանակներում ամերիկացի զինծառայողները լքելու են Սիրիայի հարավում՝ Իրաքի և Հորդանանի սահմանին, տեղակայված Թանֆ ռազմաբազան:
Այդ աղբյուրը նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ի աջակցությամբ գործող «Մահավիր աս-Սաուրա» խմբավորումը վայր է դրել զենքը և հանձնվել Սիրիայի կառավարական բանակին:
«Այդ հայտարարությունը որևէ հիմք չունի: Աթ-Թանֆ ռազմաբազայի շրջանը, որը վերահսկվում է կոալիցիայի ուժերի կողմից, շարունակում է կարևոր նշանակություն ունենալ: Այդ շրջանում կաոլիցիայի հատուկ նշանակություն ուժերը օգնում են, մարզում են ընդդիմադիր խմբերին, այդ թվում նաև «Մահավիր աս-Սաուրա» խմբավորմանը, որպեսզի նրանք կռվեն «Իսլամական պետության» դեմ Հորդանանի-Սիրիայի-Իրաքի սահմանին և Սիրիայի հարավում»,— ասել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Միացյալ Նահանգները Սիրիայի Թանֆ բազայում տեղակայել է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ ԱՄՆ-ի և կոալիցիայի գործողությունները անօրինական են Սիրայում, քանի որ դրանք համաձայնեցված չեն պաշտոնական Դամասկոսի հետ: