Օգոստոսի սկզբին հիվանդությունից մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Օգոստոսի սկզբին Ադրբեջանի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Նիջաթ Իլյասովը (Nicat İlyasov): Ըստ ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքի տեղեկությունների՝ Իլյասովը նորակոչիկ էր՝ 8 օրվա զինծառայող։ Այս մասին MeydanTV-ին հայտնել է մահացած զինծառայողի հայրը՝ Բայրամ Իլյասովը (Bayram İlyasov):

Նշվում է, որ Իլյասովը հուլիսի 22-ին Եվլախի շրջանային զինկոմիսարիատի որոշմամբ ծառայության էր ուղարկվել Նախիջևան։ Հայրը նշում է, որ նա դեռևս այդ ժամանակ գլխի շրջանում ցավեր ուներ։

Հուլիսի 28-ին Իլյասովին տեղափոխել են Նախիջևանի հոսպիտալ,  ապա ՝ Բաքվի կենտրոնական կլինիկական հոսպիտալ, որտեղ էլ նա մահացել է։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն, պաշտոնական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հայտնել։

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 41 մահացած զինծառայողի անուն։ Դրանից բացի հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *