ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է 2016 թ. ընթացքում Թուրքիայի՝ տարբեր երկրներին մատակարարած և այլ երկրներից ներմուծած սպառազինության մասին տարեկան զեկույցը:
Համաձայն զեկույցի՝ 2016 թ. Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է «146 միավոր հրետանային համակարգ և 72 միավոր մեծ հեռահարության հրետանային հրթիռ»:
Զեկույցում չի նշվում, թե կոնկրետ ինչ տեսակի հրետանային համակարգեր և հրթիռներ են մատակարարվել: Ըստ այդմ՝ նշված «հրետանային համակարգերի» ցանկում կարող են լինել ականանետներից մինչև 302 մմ տրամաչափի «Քասըրղա» հրետանային համակարգեր:
2016 թ. ընթացքում Ադրբեջանում ցուցադրվել է թուրքական արտադրության «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Մինչ այդ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել էր 122 մմ տրամաչափի «Սաքարյա» ՀԿՌՀ, 107 մմ տրամաչափի TR-107 ՀԿՌՀ-ներ, թուրքական MKEK ընկերության արտադրության HY1-12 120 մմ տրամաչափի ականանետներ:
Բաց աղբյուրներում տվյալներ կան նաև Ադրբեջանին հարավկորեական K-9 Thunder ինքնագնաց հրետանային համակարգի լուծումներով ստեղծված T-155 Fırtına ինքանգնաց հրետանային համակարգերի վաճառքի մասին, սակայն այդ տեղեկությունները առայժմ չեն հաստատվել:
Ստորև ներկայացնում են արդեն մատակարարված զինտեխնիկայի մարտավատեխնիկական բնութագրերը: Հավելենք, որ սա ամենևին չի նշանակում, որ 2016 թ. ընթացում Թուրքիան չէր կարող մատակարարել այլ, մինչ այդ չմատակարարված զինտեխնիկա, որոնց մասին բաց աղբյուրներում տեղեկություն չկա:
Մատակարարված հրետանային համակարգեր՝
T-300 «Քասըրղա» (Kasırğa) ՀԿՌՀ
- Տրամաչափը՝ 302 մմ,
- Հեռահարությունը,
- առավելագույնը՝ 100+ կմ,
- նվազագույնը՝ 40 կմ,
- Հրթիռների քանակը՝ 4,
- Մարտագլխիկի զանգվածը՝ 150 կգ:
T-122 «Սաքարյա» ՀԿՌՀ
- Տրամաչափ՝ 122 մմ,
- Ուղղորդիչների քանակը՝ 40 հատ,
- Հեռահարությունը՝ 40 կմ:
TR-107 ՀԿՌՀ
- Տրամաչափը՝ 107 մմ,
- Հեռահարությունը,
- առավելագույնը՝ 11+ կմ,
- նվազագույնը՝ 3 կմ,
- Հրթիռների քանակը՝ 12,
- Մարտագլխիկի զանգվածը՝ 8,4 կգ
HY1-12 ականանետ
- Տրամաչափը՝ 120 մմ,
- Հեռահարությունը՝ մինչև 8 կմ,
- Կրակի տեմպը՝ 7 կրակ/րոպե,
- Զանգվածը՝ 620 կգ:
Չհաստատված մատակարարում՝
T-155 Fırtına
- Տրամաչափը՝ 155 մմ,
- Առավելագույն արագությունը՝ 66 կմ/ժ: