Հունիսի 7-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ «ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում» թուրքական զինուժը կիրառել է 3 միավոր «Անքա» հարվածային անօդաչու թռչող սարք, ինչպես նաև նախկինում ևս կիրառված 6 միավոր «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ: Փոխանցում է Թուրքիայի ՊՆ կայքը:
Թուրքիայի ՊՆ Ֆիքրի Ըշըքի հայտարարությունից պարզ է դառնում, որ հարվածային ԱԹՍ-ները կիրառել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններում: Սակայն չի նշվում կոնկրետ որ երկրի տարածքում, քանի որ Թուրքիան քրդերի դեմ գործողություններ վարում է նաև Իրաքի հյուսիսում, ինչպես նաև Սիրիայում, որտեղ ևս տեղի քրդական կառույցներին համարում է PKK-ի «սիրիական թև»:
Հիշեցնենք, որ տարիներ տևած աշխատանքից հետո 2017 թ. ապրիլի վերջին Թուրքիայում ավարտվել էին տեղական TAI ավիաշինական ընկերության նախագծած «Անքա» հարվածային անօդաչու թռչող սարքի կրակային փորձարկումները:
ԱԹՍ-ի վրա տեղադրված է 6 տարբեր տրամաչափի հրթիռ, այդ թվում՝ 4 միավոր 70 մմ տրամաչափի CİRİT և 2 միավոր 160 մմ տրամաչափի UMTAS հրթիռներ: Երկուսն թուրքական «Ռոքեթսան» ընկերությունն է արտադրում:
«Անքա» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերը՝
- Իրանի երկարությունը – 8մ,
- Թևերի բացվածքը – 17,3 մ,
- Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
- Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
- Վառելիքի զանգվածը – 250 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
- Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
- Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
- Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
- Թռիչքի առաստաղը – 9144 մ,
- Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
- Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
- Թևերի մակերեսը – 13,6մ²,