Մայիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքները: Ներկա են եղել նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ՊՆ տեղակալներ Արա Նազարյանը և Դավիթ Փախչանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն անցկացվող հավաքների նպատակն է ամրապնդել և կատարելագործել սպաների ունակությունները զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ուղղությամբ, նրանց տեսական մասնագիտական գիտելիքների և գործնական վարժվածության մակարդակը, մարտավարամասնագիտական պարապմունքների և համալիր ստուգարքների միջոցով ստուգել հավաքների մասնակիցների անհատական պատրաստության աստիճանը:
Հրամանատարական հավաքների շրջանակում դասախոսություններով և ելույթներով են հանդես եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետը և նրա տեղակալը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները:
Դասախոսությունները վերաբերել են զինված ուժերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքների ներդրման անհրաժեշտության, ՀՀ սահմանադրական բարեփոխումների, ռազմական արդյունաբերության ներկա վիճակի, ձեռքբերումների ու զարգացման հեռանկարների, ինչպես նաև զինված ուժերի կադրային քաղաքականության հարցերին: