Զորահանդեսի ժամանակ Իսրայելը ցուցադրել է իր F-35 կործանիչները

Իսրայելի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են նաև ԱՄՆ-ից ձեռքբերված նորագույն F-35 կործանիչ-ռմբակոծիչներ: 

Զորահանդեսի ժամանակ երևացել է 3 միավոր F-35 կործանիչ, սակայն Իսրայելը ԱՄՆ-ից ձեռք էր բերել ընդհանուր 5 միավոր:

Իսրայելը կործանիչների առաջին խմբաքանակը՝ 2 միավոր, ստացել էր անցած տարվա դեկտեմբերին: Երկրորդ խմբաքանակը՝ 3 միավոր, Իսրայելին էր մատակարարվել այս տարվա ապրիլի 23-ին:

F-35 կործանիչները Իսրայելում ստացել են «Ադիր» անվանումը:

Ընդհանուր առմամբ Իսրայելը ամերիկյան Loocked Martin ընկերությունից պատվիրել է 50 միավոր  F-35 կործանիչ՝  յուրաքանչյուրը 100 մլն դոլար արժողությամբ: Նախատեսվում է մատակարարումներն ավարտել 2021 թվականին:

Իսրայելը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի հինգերորդ սերնդի համարվող ռազմական ինքնաթիռներ, սակայն F-35-ներ ձեռք բերելու մտադրություն ունի նաև Թուրքիան:

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանում բյուջեի հանձնաժողովի քննարկումների ժամանակ պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ 2018-ի ընթացքում Թուրքիան կստանա ամերիկյան արտադրության F-35A կործանիչ-ռմբակոծիչների առաջին խմբաքանակը՝ 2 միավոր:

F-35-ը նախագծվել է ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից: Բացի բազային՝ F-35A տարբերակից, ԱՄՆ ծովային հետևակի համար նախագծվել է նաև F-35B տարբերակը՝ ուղղահայաց վայրէջքի և կարճ թռիչքի հնարավորությամբ, իսկ ԱՄՆ ՌԾՈւ-ի համար նախագծվել է F-35C տարբերակը, որը նախատեսված է ավիակրից թռիչքների համար:

Կործանիչն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։

Ինքնաթիռների առաջին էսկադրիլիան ԱՄՆ-ում օպերատիվ պատրաստության նախնական մակարդակի էր բերվել նախորդ տարվա օգոստոսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *