Հայկական կողմը հետաքրքրված է կանխարգելող զինատեսակներով. Վիգեն Սարգսյան

Հայկական կողմը հետաքրքրված է այնպիսի զինտեխնիկայի գնումներով, որը կարող է հավասարակշռել Ադրբեջանի ստեղծած զինանոցին և կանխարգելել Ադրբեջանի ԶՈւ մարտական հերթապահության մեջ գտնվող մի շարք զինատեսակների կիրառումը: Այս մասին մարտի 29-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսաստանցի լրագրողների համար անցկացված ասուլիսի ժամանակ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը (արխիվ)

Նախարար Սարգսյանը պատասխանել է այն հարցին, թե Հայաստանն արդյո՞ք շարունակում է զենքի գնման վերաբերյալ «երկխոսություն վարել» Ռուսաստանի հետ: Վիգեն Սարգսյանը նշել է, որ այդ գործընթացը մշտական է և չի սահմանափակվում միայն Ռուսաստանի հետ բանակցություններով:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ելնելով Հայաստանի զինված ուժերի զարգացման ծրագրից՝ Հայաստանը բանակցում է նաև մի շարք այլ գործընկերների հետ և գնում է շատ տարբեր սպառազինություններ:

«Բնականաբար, մեր գնածների մեծ մասը հույժ գաղտնի է, այդ պատճառով շատ բան չեմ կարող ասել: Հնարավորություն դեպքում մենք այդ տեխնիկան ցուցադրում ենք զորահանդեսների կամ լրագրողների հատուկ այցերի ժամանակ: Ավելին, քան դուք տեսել եք այս պահին, չեմ կարող ասել», — նշել է նախարարը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ զինատեսակներ է գնում Հայաստանը:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բալանսի մասին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ կոնկրետ զինատեսակների մասով հավասարակշռությունը խախտված է: Պատճառն այն է, որ տարիների ընթացքում մեծաքանակ գնումներ կատարելով՝ Ադրբեջանը մեծաթիվ սպառազինություն է կուտակել:

Սակայն եթե համեմատվի Հայաստանի և Ադրբեջանի ուժերի հարաբերությունը, ապա այստեղ հավասարակշռություն կա: Սա Վիգեն Սարգսյանը բացատրել է այն հանգամանքով, որ Հայաստանի զինված ուժերն ունեն մի շարք առավելություններ, որոնք փոխհատուցում են սպառազինությունների խախտված հավասարակշռությունը: Այնումենայնիվ, ըստ նախարարի՝ հայկական կողմը պետք է շարունակի աշխատանքը սպառազինության մասով հավասարակշռությունը նույնպես վերականգնելու համար:

Նախարարի ասուլիսի տեսագրությունը՝ ստորև

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *