Աֆղանստանը մեծացնում է հատուկ նշանակության զորքերի թվաքանակը

Աֆղանստանը նախատեսում է երկու անգամ մեծացնել հատուկ գործողություններին ներգրավված ուժերի թվաքանակը, որն այս պահին կազմում է 17 հազար մարդ: Ներկա անձնակազմը փաստացի հյուծվել է «Թալիբանի» զինյալների և այլ իսլամիստների դեմ մարտերում:  Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարին:

Աֆղանստանի զինված ուժերի թվաքանակը կազմում է շուրջ 300 հազար մարդ, հատուկ նշանակության ուժերը կազմում են փոքր մասը, սակայն ներգրավված են գրեթե բոլոր ճակատներում, բոլոր հարձակողական գործողություններում՝ որպես գրոհող ստորաբաժանումներ: Միաժամանակ աֆղանցի հատուկջոկատայինները ամերիկացի զինծառայողների հետ անցկացնում են համատեղ գործողություններ:

Կանոնավոր զորքը ներգրավված է հիմնականում պաշտպանողական գործողություններում և ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների պաշտպանությունում:

Երբ 2013-ին աֆղանական ազգային ուժերը իրենց վրա վերցրին երկրի վերահսկողության պատասխանատվությունը, հատուկ նշանակության զորքերը մեծաքանակ կորուստներ կրեցին իսլամիստների դեմ մարտերում: Աղբյուրի տվյալներով՝ ներկայում կառավարական ուժերը վերահսկում են ամբողջ երկրի միայն 57 տոկոսը:

Կողմերի վերահսկած տարածքներն Աֆղանստանում 2016թ սեպտեմբերի դրությամբ

Կողմերի վերահսկած տարածքներն Աֆղանստանում 2016թ սեպտեմբերի դրությամբ

Հատուկ նշանակության զորքերի թվաքանակի ավելացմանը զուգահեռ պլանավորվում է կենտրոնանալ նաև կանոնավոր զորքերի պատրաստության վրա, որոնք մոտակա ժամկետներում կհամալրեն հատուկ նշանակության ուժերի շարքերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *