Զորավարժություն է անցկացրել հայ-ռուսական միացյալ զորախումբը

Զինված ուժերի 2017թ. պատրաստության պլանի համաձայն` մարտի 21-ից 25-ն անցկացվել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հերթական զորավարժությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Ըստ զորավարժության սցենարի` պայմանական հակառակորդն ուժեր է կուտակում սահմանամերձ շրջաններում` նպատակ ունենալով հատել ՀՀ պետական սահմանը։ Միացյալ զորախմբում ներգրավված բոլոր ստորաբաժանումները բերվում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Որոշում է կայացվում նախապես հաստատված պաշտպանական գործողությունների պլանի կիրառման մասին։ Դրան զուգահեռ՝ իրականացվում է պետական սահմանի պահպանության հատվածի պաշտպանությունը հայկական կողմին փոխանցելու գործողությունը, ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետ համատեղ անցկացվում են միասնական գործությունների պլանով նախանշված միջոցառումները:

«ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման պաշտպանական գործողության նախապատրաստում» թեմայով անցկացված վարժանքների նպատակն էր կատարելագործել կառավարման կետերի աշխատանքային խմբերի ներդաշնակումը, զարգացնել միացյալ խմբավորման գործողությունների նախապատրաստման և անցկացման հմտությունները:

Զորավարժությանը ներգրավված պաշտոնատար անձինք տեղում ճշգրտել են նախատեսված միջոցառումների անցկացման շրջանները, հստակեցվել է դրանց կատարման ժամանակացույցը: ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը առաջադրված խնդիրների կատարման, Միացյալ զորախմբի գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ներդաշնակման վերաբերյալ տվել է որոշակի հանձնարարականներ:

Միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը (կենտրոնում) զորավարժության ընթացքում ցուցումներ տալիս

Միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը (կենտրոնում) զորավարժության ընթացքում ցուցումներ տալիս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *