Քննադատություն թե խանդ. վանաձորյան ՀԿ-ն ընդդեմ Razm.info-ի

Այս տարվա հունվարին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե հայկական ԶՈւ կորուստների մասին Razm.info-ի տեղեկություններն «անարժանահավատ» են և հորդորեց «բացարձակ ուշադրություն չդարձնել» մեր հրապարակումների վրա։

ruben-martirosyan-peace-dialogue

Ռուբեն Մարտիրոսյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Թեպետ նրա ելույթն իր ոճով խանդի պոռթկում էր հիշեցնում (ենթադրաբար, որովհետև իր կազմակերպության հայտնած թիվը 2016 թ. հայկական կորուստների ավելի փոքր էր՝ 162, քան Ռազմինֆոյի հրապարակած 165-ը), այնուամենայնիվ մենք վերստուգեցինք մեր տվյալները, ինչպես նաև ուսումնասիրեցինք ԽԵ հրապարակումները… ու վերջինիս մոտ բազմաթիվ սխալներ գտանք, ինչից եզրակացնում ենք, որ անարժանահավատ են հենց «Խաղաղության երկխոսության» (այսուհետ՝ ԽԵ) տեղեկությունները։ Է´լ ավելի զավեշտալի է այն, որ կոչ անելով «ուշադրություն չդարձնել» Ռազմինֆոյի տվյալների վրա՝ այդ կազմակերպությունը որոշ դեպքերում օգտագործում է մեր տվյալները։

Մանրամասները՝ ստորև։

ԶՈւ կորուստները հաշվելու առանձնահատկությունները

Հայաստանում մի քանի ոչ պետական կազմակերպություններ են վարում հայկական զինված ուժերում կորուստների վիճակագրություն, որոնց թվում է և Ռազմինֆոն։

Տարիների մեր փորձը ցույց է տվել, որ հաշվարկը պահանջում է ուշադրություն և չի հանդուրժում շտապողականություն և անփութություն։ Բացի այդ, երբեմն ամիսներ անց նոր տեղեկություններ են հայտնի դառնում կոնկրետ միջադեպերի մասին, ինչը ստիպում է վերանայել արդեն հրապարակված վիճակագրությունը։

Շեշտենք նաև, որ մեր վիճակագրությունը հիմնված է բաց աղբյուրներից ստացած տվյալների վրա։

Ակնհայտ է, որ այս գործում որոշ սխալներն անխուսափելի են, մանավանդ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջաններում։ Հնարավոր սխալները նվազեցնելու համար մենք պարբերաբար համեմատում ենք մեր տվյալները այլ կազմակերպությունների հրապարակումների հետ (նաև նույն ԽԵ-ի) և, եթե անհամապատասխանություններ ենք գտնում, փորձում ենք հասկանալ դրանց պատճառները։

Ըստ այդմ համարում ենք, որ լսարանին օբյեկտիվ ու հնարավորինս ստույգ տեղեկություններ ներկայացնելու միակ ձևը տվյալներն անընդհատ ստուգել և վերստուգելն է, համեմատելը, սխալներն ընդունելը և ուղղելը։

Քննենք, թե ինչքանով է ԽԵ գործունեությունն այս սկզբունքներին հետևում։

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ. փնթի ձևակերպումներ, թվերի ուռճացում, փաստական սխալներ

Ըստ «Առավոտի» 2016 թ. դեկտեմբերի 23-ի մի հրապարակման (փաստորեն տարին դեռ չավարտված)՝ ԽԵ ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը հայտարարել էր. «Բանակում այս տարի 170 հայ զինվոր է մահացել»: Եթե լրագրողները ճիշտ են փոխանցել նրա խոսքերը, ապա նույնիսկ այս մի քանի բառանոց նախադասության մեջ փաստական 3 սխալ կա.

  • Հայտարարությունն անելու պահին՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ, ԽԵ կայքում միայն 159, այլ ոչ թե 170 զոհվածի անուն կար։
  • 2016 թ. զոհվածներից երեքը եզդի են, ոչ թե հայ։
  • 2016 թ. զոհվածներից առնվազն 25-ը սպաներ են, 18-ը՝ կամավորներ։ Բացի այդ զոհվածների թվում կան ենթասպաներ, սերժանտներ։ Զինված ուժերի խնդիրներով մասնագիտացողի համար այս կարգի ընդհանրացումը («170 զինվոր») բավականին կոպիտ սխալ է։

Պարզ չէ, թե ինչու էր շտապում Խաչատրյանը (իրենից էլ 3 օր անց՝ դեկտեմբերի 26-ին, նույն ՀԿ փորձագետ, «իրավապաշտպան» Ռուբեն Մարտիրոսյանը) չավարտված տարին ամփոփել։ Չի բացառվում, որ այս շտապողականությունը վանաձորյան մեկ այլ ՀԿ-ի՝ Արթուր Սաքունցի ղեկավարած «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» հետ անառողջ մրցակցության դրսևորում էր և նպատակն «առաջ ընկնելն» էր։

Նշենք, որ այդ հապճեպ ամփոփումներից մի քանի օր անց՝ դեկտեմբերի 29-ին, Չինարիի դիրքերում հակառակորդի հարձակման հետևանքով զոհվեցին ՀՀ ԶՈւ ևս 3 զինվորական, ինչը կրկին ցույց տվեց այս կարգի շտապողականության անթույլատրելիությունը։

Նաև անթույլատրելի ենք համարում ապրիլյան մարտերի պատճառով կորուստների առանց այն էլ աննախադեպ թիվն ուռճացնելը։

* * *

2017 թ. հունվարի 10-ին ԽԵ ՀԿ-ի ստեղծած SafeSoldiers.am կայքում հրապարակվեց «2016թ.-ին հայկական բանակում մահվան դեպքերի վիճակագրություն» զեկույցը, որում տեղ են գտել մի շարք այսպես կոչված «անուշադրության սխալներ», ինչը ևս մեկ անգամ վկայում է իրավական օգնություն տրամադրող կազմակերպության համար ցածր պրոֆեսիոնալիզմի մասին.

  • Այսպես, 2016 թ. սեպտեմբերի 2-ին զոհված Արայիկ Օրդուբեկյանի անունը նշված է զեկույցի 2 տարբեր բաժիններում՝ որպես հրադադարի ռեժիմի խախտման զոհ և որպես անհայտ պատճառով զոհվածի։
arayik-ordubekyan

ԽԵ ՀԿ զեկույցում Ա. Օրդուբեկյանի անունը ընդգրկված է 2 տեղում

  • Զեկույցում 2017 թ. փետրվարի 13-ի դրությամբ ընդգրկված չէր 2016 թ. հոկտեմբերի 26-ին զոհված Գուրգեն Ավետիքի Այվազյանի անունը, թեպետ նա գրանցված է կայքի բազայում (ընդ որում սխալ անունով՝ որպես Գարեգին Այվազյան)։

Այվազյանի՝ սխալ անունով էջը SafeSoldiers կայքում

Իհարկե, սպասելի է, որ մեր մատնանշելուց հետո այդ սխալները կշտկվեն, այնուամենայնիվ մենք պահպանում ենք այդ կայքէջերի էկրանային պատկերները (screenshots), ինչպես նաև առայժմ հատուկ չենք թվարկում մեր նկատած բոլոր թերացումները, թեպետ պատրաստ ենք դրանք ցույց տալ լրագրողների ներկայությամբ։

* * *

Ս. թ. հունվարի 14-ին 1in.am լրատվակայքը հրապարակեց Մարտիրոսյանի հետ հերթական հարցազրույցը, որում նա նախ՝ «ցավով նշեց», որ դեպքերը դարձել են 162։ Կրկնենք հարցը. ի՞նչ կարիք կար տարվա վերջին չսպասելով՝ հապշտապ հրապարակել «տարվա ամփոփումը»։

Այնուամենայնիվ այս ելույթի ամենաուշագրավ մասը Ռազմինֆոյի հասցեին քննադատությունն էր։ Մարտիրոսյանը պնդում է, թե մեր թվերն արժանահավատ չեն, քանի որ ամփոփման մեջ չենք նշում «կոնկրետ զինվորների անուն-ազգանունները, և մահվան ժամանակը»։ Եւս մեկ հարց է առաջանում. եթե կազմակերպության և կոնկրետ «իրավապաշտպանի» նպատակը ճշմարտությունը բացահայտելն է, ապա ինչն էր խանգարում կապ հաստատել Ռազմինֆոյի հետ և հարցնել, թե որտեղից են այդ թվերը: Մենք նման տեղեկանքներ տրամադրում ենք, օրինակ՝ լրատվամիջոցներին։ Ավելացնենք, որ լրագրողների ներկայությամբ պատրաստ ենք ամեն նշած թվի աղբյուրը ցույց տալ։

Բացի այդ Մարտիրոսյանը «ենթադրեց», որ Ռազմինֆոն կորուստների մասին ինչ-որ գաղտնի տվյալներ է ստանում ՊՆ-ից։ Ստուգելով, թե կոնկրետ որ զոհվածների անուններն են պակասում իր կազմակերպության զեկույցում, մենք պատրաստ ենք լրագրողների ներկայությամբ ցույց տալ Մարտիրոսյանին, թե կոնկրետ որ բաց աղբյուրներն են հայտնել այդ կորուստների մասին։

Ըստ նրա՝ Ռազմինֆոն չպիտի նաև առանձին ներկայացներ կամավորականների և զինծառայողների կորուստները, քանի որ «բոլորն էլ զինծառայող են»։ Հարկ չենք համարում այդ անհեթեթությանը մանրամասն անդրադառնալ, միայն շեշտենք, որ հենց իր կազմակերպության կայքում զոհված կամավորականները նշված են հենց որպես կամավորական, այլ ոչ թե զինծառայող, օրինակ.

Կազմակերպության կայքում զոհված կամավորները նշված են որպես այդպիսին, և ոչ որպես զինծառայողներ։

Ավելին, Ռազմինֆոյի տվյալները փնովելով հանդերձ՝ ԽԵ ՀԿ-ն չի խորշում դրանք օգտագործել հենց իր տվյալների բազայում, օրինակ.

Հղումներ Ռազմինֆոյի տվյալներին

* * *

Ինչպես տեսանք, ոչ միայն անհիմն են Ռազմինֆոյին հասցեագրված մեղադրանքները, այլև հենց մեղադրողի՝ «Խաղաղություն երկխոսություն» ՀԿ-ի տվյալներն են անարժանահավատ, ընդ որում ՀԿ-ի ներկայացուցիչները կարծես թե լիովին տեղյակ էլ չեն իրենց իսկ կայքի տվյալներից։

Ու քանի որ այս ՀԿ-ն նաև իրավապաշտպանական հավակնություններ ունի, և, ինչպես Ռուբեն Մարտիրոսյանն է սիրում այդ մասին հիշեցնել, ներկայացնում է տուժածներից ոմանց շահերը դատարաններում, ապա տրամաբանական հարց է առաջանում. ինչպե՞ս կարող են պաշտպանել ինչ-որ մեկի ոտնահարված իրավունքը մարդիկ, որոնք ակնհայտորեն անփույթ են վերաբերվում կարևոր դետալներին, թվերին և ընդհանրապես փաստերին։

Մենք հակված չենք պնդելու, որ մեր դատական համակարգն իդեալական է կամ որ բանակում հանցագործություններ չեն լինում։ Ոչ։ Եւ առավել ևս՝ հենց այդ թերությունների պատճառով, քաղաքացիների շահերը դատարանում ներկայացնողը պիտի ամենայն լրջությամբ մոտենա ամեն ձևակերպմանը, բծախնդրորեն հիմնավորի իր բոլոր պնդումներն, այլ ոչ թե փորձի քողարկել բացթողումները լաչառությամբ և մերկապարանոց մեղադրանքներով։ Վերջիվերջո արդյոք հենց այդպիսի «իրավապաշտպանների» պատճառո՞վ չէ, որ զոհված զինծառայողների հարազատներից ոմանց գործերը վերածվում են անվերջ դատական քաշքշուկների։

Սույն հրապարակման համար անհրաժեշտ տվյալները հավաքել են Գարիկ Հարությունյանը, Նազենիկ Սարոյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *