Եգիպտոսի տարածքից հրթիռակոծել են Իսրայելի քաղաքներից մեկը

Փետրվարի 8-ի գիշերը Եգիպտոսից միաժամանակ 4 հրթիռ է արձակվել Իսրայելի հարավային Էյլաթ բնակավայրի ուղղությամբ: Սակայն 4 հրթիռներից 3-ը որսացել է իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, իսկ 4-րդն ընկել է բաց տեղանքում: Այս մասին հայտնում է իսրայելական Times of Israel լրատվակայքը: 

Դեպքի հետևանքով տուժածներ չեն եղել: Իսրայելի բանակի հրամանատարությունը հայտնել է, որ հրթիռներն արձակել է Եգիպտոսում գործող «Սինայի վիլայեթ» ահաբեկչական խմբավորումը, որ համարվում է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման եգիպտական ճյուղը:

Ավելի ուշ «Իսլամական պետությունը» ստանձնել է Իսրայելի Էյլաթ քաղաքի հրթիռակոծության պատասխանատվությունը:

Նշենք, որ «Երկաթե գմբեթը» (İron Dome) Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի բաղադրիչներից մեկն է, որը նախատեսված է 4-ից 70 կմ հեռավորությունից արձակած հրետանային արկերն ու մարտավարական չկառավարվող հրթիռները խոցելու համար։

Հիշեցնենք, որ 2013-ից Եգիպտոսում փաստացի իշխանությունը զինվորականների ձեռքում է։ 2013-ի հուլիսի սկզբին նրանք գահընկեց են արել նախագահ Մուհամմեդ Մուրսիին,  ով «Մուսուլման եղբայրներ» խմբավորման դրածոն էր։ Սինա թերակղզում աստիճանաբար կենտրոնացել են Մուրսիի համակիրների ուժերը, ինչպես նաև ակտիվացել իսլամիստական խմբավորումները:

2014-ի ապրիլի 21-ին Կահիրեի դատարարանը Մուրսին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման, իսկ մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ դատարանը Մուրսիին դատապարտել է մահապատժի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *