ԱՄՆ նախատեսում է 1.8 մլրդ դոլարի սպառազինություն վաճառել Սաուդյան Արաբիային, Քուվեյթին, Քենիային, ՄԵծ Բրիտանիային։ Մասնավորապես Սաուդյան Արաբիային կվաճառվի Lockheed Martin ընկերության արտադրության 10 միավոր աերոստատ։ Գործարքի արժեքը 525 մլն դոլար է:
ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության կայքը հայտնում է, որ իրենք այս հնարավոր գործարքների վերաբերյալ ծանուցում են ուղարկել խորհրդարան:
Աերոստատների հետ ԱՄՆ-ն վաճառելու է նաև կից սարքավորումներ: Համակարգերը նախատեսված են հետախուզության համար:
Քուվեյթին կվաճառվի 110 մլն դոլարի AIM-120C-7 հրթիռներ, ինչպես նաև կտրամադրվի 400 մլն դոլարի լոգիստիկական օգնություն AH-64D Apache ուղղաթիռների համար։
Քենիային կվաճառի 418 մլն դոլարի 12 միավոր Air Tractor AT- 802L և 2 միավոր Air Tractor AT-500 ինքնաթիռներ, որոնք թեև գյուղատնտեսական ավիացիա են, սակայն կարող են նաև սպառազինություն կրել։
Մեծ Բրիտանիային կտրամադրվի 400 մլն դոլարի լոգիստիկական օգնություն C-17 ինքնաթիռների համար։
Վաճառքներն իրականացնելու համար դեռ անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը։
Նշենք, որ ԱՄՆ-ն, որպես աջակցություն, Սաուդյան Արաբիային է վաճառում սպառազինություն՝ արաբական երկրի ռազմական պաշարները լրացնելու նպատակով, որոնք սպառվում են տարածաշրջանում հակաահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև Եմենի շիադավան ապստամբների՝ հութիների դեմ պայքարում ներգրավվածության հետևանքով: