Ուկրաինան Ռուսաստանին հարցում է ուղարկել 2011 թ. ստորագրված «Վիեննայի փաստաթղթով» անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում ՌԴ Ռոստովի շրջանում ռազմական գործունեության մասշտաբները ստուգելու նպատակով տեսչական ստուգումներ անցկացնելու վերաբերյալ: Ռուսաստանը տվել է իր համաձայնությունը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ Միջուկային զենքի սպառնալիքի նվազեցման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիժկովին։
Ուկրաինացի զինվորականները ՌԴ ԶՈւ զորամասներում ստուգումներ կանցկացնեն հունվարի 16-ից 19-ը:
Նշենք, որ Վիեննայի 2011-ի փաստաթուղթը թույլ է տալիս անդամ երկրներին միմյանց տարածքում տեսչական գործունեություն իրականացնել՝ ստուգելու համար ռազմական նշանակության օբյեկտները։ Ինչպես նաև փաստաթուղթը ստորագրած երկրները պետք է իրականացնեն ռազմական համապատասխան տեղեկատվության ամենամյա փոխանակում, ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին խոշորամասշտաբ բոլոր զորավարժությունների մասին:
Փաստաթուղթը ստորագրած երկրներից են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Տաջիկստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Բելառուսը: Ամեն տարի Հայաստանը Վիեննայի փաստաթղթի շրջանակներում ընդունում է 3 տեսչական և մեկ գնահատման այց: