Հունվարի 14-ին Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ԶՈւ գործողությունների ժամանակ սպանվել է երկրի ժանդարմերիայի հատուկ նշանակության գումարտակի 2 զինծառայող, 2 զինծառայող էլ վիրավորվել է:
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Սպանվել են ժանդարմերիայի զինծառայողներ, սերժանտներ Վեյսել Շիրինը և Սամաթ Քայան:
Թուրքիայի ԶՈւ-ն Բիթլիս նահանգում PKK-ի դեմ գործողությունները սկսել է հունվարի 12-ին: Ըստ թուրքական աղբյուրների տեղեկությունների՝ գործողությունների ժամանակ սպանվել է PKK-ի 6 զինյալ:
Բացի այդ, հունվարի 14-ին Թուրքիայի հարավային Շրնաք նահանգի Սիլոփի գավառում զինվորական մեքենայի վթարի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ ևս մեկ զինծառայող: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
2015-ի հունիսին սկսված թուրք-քրդական բախումները ձմեռային որոշ դադարից հետո 2016-ին սրվել են փետրվար-մարտ ամիսներին, երբ թուրքական զինուժը փաստացի գրավում է երկրի Դիարբեքիր նահանգի որոշ բնակավայրեր, ինչից հետո բախումները կրկին պասիվանում են: (Թուրքիայում թուրք-քրդական բախումների մասին մանրամասն՝ այստեղ):
Թուրքիայի իշխանությունների կողմից 2016-ի նոյեմբեր-դեկտեմբերին ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավորների և անդամների ձերբակալություններից հետո կրկին սրվում են քրդերի և Թուրքիայի ուժայինների միջև բախումները: Միայն դեկտեմբերի 10-ին Ստամբուլում և դեկտեմբերի 17-ին Կայսերիում պայթյունների պատճառով սպանվում է համապատասխանաբար 33 ոստիկան և 13 զինծառայող (ևս 55 վիրավոր):
Pingback: Դիարբեքիրում սպանվել է 4 թուրք հատուկջոկատային ոստիկան | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info
Pingback: Սղերթում PKK-ն կրակել է Թուրքիայի ԶՈւ զորամասի վրա | Ռազմ.info