ՌԴ-ն շուրջ 1,5 մլրդ դոլար կհատկացնի Տաջիկստանի և Ղրղըզստանի ԶՈՒ վերազինման համար

Ռուսաստանը մտադիր է ավելի քան մեկ միլիարդ դոլար հատկացնել Ղրղըզստանի և 200 մլն դոլար՝ Տաջիկստանի ԶՈՒ-երի վերազինման համար: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը:
«Ռուսաստանի և Ղրղըզստանի միջև նման պայամանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսին՝ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի՝ և սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՝ Բիշքեք կատարած այցերի ժամանակ»,-գրում է թերթը:

ՌԴ Գլխավոր շտաբի տվյալներով՝ 2013-ի մարտին ՌԴ ՊՆ-ն պետք է Ղրղըզստանի հետ համաձայնեցնի ռազմական ապրանքների ցուցակը, իսկ արդեն ամռանը նախատեսվում է ուղարկել ապրանքների առաջին խմբաքանակը:

Ըստ «Կոմերսանտի»՝ Ղրղըզստանին վերազինման համար անհրաժեշտ են թեթև հրաձգային զենքի տարբեր տեսակներ, հետևակի և հետախուզապարեկային մարտական մեքենաներ, ուղղաթիռներ, դաշտային և ստացիոնար հոսպիտալներ, թեթև մոտոտեխնիկա, փոխադրվող ականանետներ, արբանյակային սարքավորումներ:

Հաղորդվում է նաև ՌԴ ԲՈՒՀ-երում ղրղըզ զինվորականների պատրաստման ծրագրի հնարավոր ընդլայնման մասին:

Տաջիսկատնին հատկացվող միջոցները հիմնականում կծախսվեն ՀՕՊ համակարգի և ռազմական տեխնիկայի վերանորոգման նպատակով: Դրանից բացի՝ Տաջիկստանը ռուսական նավթային արտադրանքի ներմուծման արտոնություններ կստանա:

Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների՝ Տաջիկստանը իր տարածքում ռուսական 201-րդ ռազմաբազայի հետագա տեղակայման համար Ռուսաստանից տարեկան 250 մլն դոլար էր պահանջում, սակայն ավելի ուշ կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց գրեթե անվճար շահագործման հիմքունքներով երկարաձգել բազայի տեղակայման ժամկետը: Փոխարենը ռուսական կողմը համաձայնվեց հեշտացնել ՌԴ –ում Տաջիկստանի քաղաքացիների բնակության պայմանները, ինչպես նաև քննարկել Տաջիկստանում ՀԷԿ-ի կառուցման համար ներդրումներ կատարելու հարցը:

«Կոմերսանտի» տեղեկություններով՝ պաշտոնական Մոսկվան նման քայլով ձգտում է ամրապնդել ՀԱՊԿ դիրքերը տարածաշրջանում՝ հաշվի առնելով վտանգը, որը կարող է ծագել 2014 թվականին Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո, և միևնույն ժամանակ կանխել այդ շրջանում ԱՄՆ դիրքերի ամրապնդումը:

Հատկանշական է, որ բոլորովին վերջերս թե´ Տաջիկստանը, թե´ Ղրղըզստանը Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո ամերիկյան սպառազինությունը ձեռք բերելու ցանկություն էին հայտնել:

Բնականաբար այդ դեպքում սպառազինության հետ մեկտեղ տարածաշրջանում կհաստատվեին նաև ամերիկյան տեխնիկներն ու ինստրուկորները, ինչը կմեծացներ ԱՄՆ ազդեցությունը այդ շրջանում:
Աղբյուր՝ http://ria.ru/defense_safety/20121106/909608472.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *