Հալեպից տարհանվել է զինյալների վերջին խումբը

Դեկտեմբերի 22-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Սիրիայի խոսնակը հայտնել է, որ Հալեպի արևելյան հատվածներից դուրս է բերվել տարբեր խմբավորումների շուրջ 4000 զինյալ: Այդպիսով տարհանվել են քաղաքում մնացած վերջին զինյալները: Այս մասին հայտնում է արաբական «ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքը: 

Նա նաև հայտնել է, որ ընդհանուր առմամբ մինչ այժմ Հալեպի արևելյան հատվածներից տարհանվել է շուրջ 34000 մարդ:

Մինչ այդ սիրիական պետական «Սանա» գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական բանակի բարձրագույն հրամանատարությունը հայտարարել է, որ վերջին զինյալների դուրս բերմամբ՝ Հալեպում ամբողջությամբ վերականգնվել է կայունությունն ու անվտանգությունը: Կառավարական բանակը կոչ է արել նաև բոլոր խմբավորումներին վայր դնել զենքերը:

Միևնույն ժամանակ քրդական աղբյուրները հայտնում են, որ Սիրիայի կառավարական բանակը պահանջել է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) հեռանալ Հալեպից մինչև տարվա վերջ: Նշենք, որ Հալեպի ազատագրումից հետո Սիրիայի իշխանությունները միայն մեկ թաղամաս՝ Շեյխ Մահսուդը, թողել էին քրդական ուժերի վերահսկողության տակ։

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG)

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG)

Հիշեցնենք  նաև, որ դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը զինյալներից ամբողջությամբ ազատագրել է Հալեպ քաղաքի 105 թաղամասերը՝ ընդհանուր առմամբ, 78,5 քառ. կմ տարածք, ինչից հետո սկսվել էր զինյալների տարհանումը, որն ավելի ուշ դադարեցվել էր, քանի որ զինյալները խախտել էինն հրադադարի ռեժիմը, փորձել առևանգել մարդկանց և նրանց օգտագործել որպես կենդանի վահան: Սակայն մի քանի օր անց տարհանումը նորից վերսկսվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *