Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագծային փաթեթը:
Առաջին ընթերցման ներկայացված տարբերակի համեմատությամբ՝ օրինագծում 1000 դրամ գումարը վճարելու պարտադիր բաղադրիչի որոշ բացառություններ են արվել: Այդ գումարները պարտադիր չի լինի այն ընտանիքների համար, որոնք ունեն ժամկետային զինծառայող, հաշմանդամ կամ զոհված զինծառայող:
Բացի այդ, նախագծով որոշակի հարկային արտոնություններ են սահմանվել հիմնադրամի համար, և այն չի վճարելու շահութահարկ: (Օրենքի լրամշակված տարբերակը՝ այստեղ):
Օրենքի ուժ ստանալու համար նախագիծն Ազգային ժողովում պիտի ընդունվի նաև երրորդ ընթերցմամբ և ստորագրվի նախագահի կողմից: Դրա գործունեությունը տարածվելու է 2017 թվականի հունվարի 28-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
[Լրացում] Դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում նախագիծն ընդունվել է երրորդ ընթերցմամբ:
Հիշեցնենք, որ այս նախագծով կարգավորվելու են մարտական պայմաններում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության հարցերը:
Նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:
Հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից.
- Յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից.
- Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար` համապատասխանաբար` 500 և 200 դրամ գումարի չափով.
- Հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից.
- Հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից.
- Վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում են նաև զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին տրվող գումարների չափերը:
Մահ և 1-ին կարգի հաշմանդամություն | ||||
Միանվագ հատուցում | Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում | Ամսական հատուցումների հանրագումար | Ընդհանուր հատուցման գումար | |
Սպա | 10 միլիոն դրամ | 300 հազար դրամ | 72 միլիոն դրամ | 82 միլիոն դրամ |
Ենթասպա, շարքային (պայմանագրային) | 10 միլիոն դրամ | 250 հազար դրամ | 60 միլիոն դրամ | 70 միլիոն դրամ |
Շարքային (պարտադիր զինծառայող) | 10 միլիոն դրամ | 200 հազար դրամ | 48 միլիոն դրամ | 58 միլիոն դրամ |
2-րդ կարգի հաշմանդամություն | ||||
Միանվագ հատուցում | Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում | Ամսական հատուցումների հանրագումար | Ընդհանուր հատուցման գումար | |
Սպա | 5 միլիոն դրամ | 200 հազար դրամ | 48 միլիոն դրամ | 53 միլիոն դրամ |
Ենթասպա, շարքային (պայմանագրային) | 5 միլիոն դրամ | 150 հազար դրամ | 36 միլիոն դրամ | 41 միլիոն դրամ |
Շարքային (պարտադիր զինծառայող) | 5 միլիոն դրամ | 100 հազար դրամ | 24 միլիոն դրամ | 29 միլիոն դրամ |
Բոլոր դեպքերում, եթե զինծառայողը ունի 3 կամ ավելի երեխա, ապա` ի լրումն վերը նշված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի ևս 100 հազար դրամ: |
Մինչ այդ զինծառայողներին և նրանց ընտանիքներին ապահովագրական վճարների տրամադրման, հիմնադրամի ստեղծման ծրագրի մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 8-ին, ՀՀ նախագահի և ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումից:
Վիգեն Սարգսյանը նշել էր, որ այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն. դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն. դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն. դրամ: