Ռազմական շաբաթի ամփոփում. Հայաստան, հոկտեմբերի 22 – հոկտեմբերի 27

Ռազմ.ինֆոն ավանդաբար ներկայացնում է Հայաստանում նախորդ շաբաթվա ռազմական ոլորտի առավել նշանակալից իրադարձությունների ամփոփ տեսություն։

Շաբաթվա սկզբում Արցախի Պաշտպանության բանակն ավարտեց հոկտեմբերի 15-ից ընթացող զորավարժության մարտական հրաձգության փուլը։ Զորավարժությունն ընթանում էր Արցախի ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում։ Իսկ հաջող զորավարժության վերջում կարելի է նաև մի փոքր ներկայացում ցուցադրել։ Զորավարժության ավարտին Հայաստանի Հանրապետության և Արցախի ղեկավարները պարգևներ են հանձնել աչքի ընկած զինծառայողներին։

Շաբաթը «զորավարժանքային» էր նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում, որտեղ վարժանքներ էին անցկացնում հետախույզները։

Զորավարժություններից անցնենք ռազմական կրթության թեմային։ Հոկտեմբերի 23-25 ՊՆ վարչական համալիրում ընթացավ ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստման եռօրյա մեթոդական աշխատաժողով, որն անց էին կացնում Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների «Գործընկերություն Հանուն Խաղաղության» Կոնսորցիումի մեթոդաբանները։

Մյուս` առավել էական իրադարձությունը հոկտեմբերի 25-ի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցությամբ Սյունիիքում հակաօդային պաշտպանության հերթական զորամասի բացման արարողությունն էր։

Շաբաթվա ընթացքում եղել են նաև արտասահմանյան այցեր, Հայաստան են ժամանել ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը և ԱՄՆ Նավատորմի հրամանատար Ռեյ Մաբուսին։

Իսկ արդեն շաբաթվա վերջում ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց Հայաստանի ռազմական արդյունաբերությանը նվիրված, արդեն ավանդական դարձած ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացվեցին ինչպես արդեն զորքերում կիրառվող, այնպես էլ դեռևս փորձնական փուլում գտնվող, բոլորովին նոր մոդելներ։

Ցավոք սրտի, շաբաթվա ընթացքում տեղի ունեցան նաև ողբերգական իրադարձություններ։ Երկուշաբթի օրը Կոտայքում ավտովթարից զինծառայող զոհվեց, իսկ հոկտեմբերի 26-ին Լոռում դանակահարվեց մի զինվորական, ով տեղափոխվեց հիվանդանոց և մենք հույս ունենք, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *