Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում անցկացվել է դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի նոր մոտեցումներին առնչվող հարցեր:
Դռնփակ քննարկվել են նաև զինված ուժերի համալրմանը, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությանը, ռազմական կրթությանը, պահեստազորի կատարելագործմանն ու ռազմարդյունաբերական համալիրին առնչվող հարցեր:
Կարևորելով նորանշանակ նախարարի հետ առաջին հանդիպումը` հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հույս է հայտնել, որ փոխվստահության վրա հիմնված գործընկերային հարաբերությունները պաշտպանության նախարարության հետ առավել կամրապնդվեն:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին և հանձնաժողովի հետ առավել սերտ փոխգործակցություն ձևավորելու պատրաստակամություն հայտնել:
Հիշեցնենք, որ նախատեսվող հանդիպման մասին Վիգեն Սարգսյանը հայտարարել էր նախորդ շաբաթ՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի՝ պաշտպանության հատվածը ներկայացնելիս: Նախարարը նշել էր, որ հանդիպմանը ներկայացնելու է կառավարության ծրագրած կոնկրետ միջոցառումները, որոնք վերաբերում են պաշտպանության ոլորտին:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info