Սեպտեմբերի 11-ին Թուրքիայի զինուժը Սիրիայում շարունակվող «Եփրատի վահան» գործողության շրջանակներում հրետանիով հարվածել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։
Համաձայն աղբյուրի՝ Թուրքիայի զինուժը Fırtına («Ֆըրթընա») հաուբիցներով կրակել է ահաբեկչական խմբավորման 2 դիրքերին:
Բացի այդ, նույն օրը թուրքական զինուժը ավիահարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում` Ավաշին–Բասյան, Քանդիլ շրջաններում քրդերի (PKK) 4 տարբեր դիրքերի, ինչի հետևանքով սպանվել է PKK-ի 13 զինյալ: Այդ մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Քրդերի դեմ այս ավիահարվածները հերթական են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի առավոտյան Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները օդուժի աջակցությամբ Սիրիայում ցամաքային գործողություններ են սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում՝ նշելով այն «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակների մասին:
Սիրիայի քրդական ուժերը հայտնում են, որ գործողություններն ուղղված են այդ շրջանում Թուրքիայի վերահսկողությունը սահմանելուն: Դրանով Թուրքիան փորձում է քրդերին թույլ չտալ միջանցք բացել Սիրիայի հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան շրջանների միջև: