Սիրիայի արտգործնախարարությունը քննադատել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ թուրքական զինուժի՝ Սիրիայի տարածք ներխուժումը՝ այն համարելով Սիրիայի ինքնիշխանության խախտում: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Սիրիայի ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներին որևէ տարածքից հեռացնելը ամենևին չի ենթադրում / նշանակում, որ ահաբեկիչներին պետք է փոխարինել այլ ծայրահեղական խմբավորումներով, որոնց Թուրքիան է աջակցում:
Հիշեցնենք, որ առավոտյան թուրքական զինուժը, այդ թվում՝ տանկային ստորաբաժանումներ, մտել էին Սիրիայի տարածք: Թուրքական տանկերի հիմնական խնդիրը Թուրքիայի աջակցությամբ գործող Սիրիայի թուրքմենների և մի շարք այլ ծայրահեղական խմբավորումների, այդ թվում՝ «Ալ Կաիդայի» թև համարվող «Ահրար աշ-Շամի»՝ ԻՊ դեմ ցամաքային գործողություններին աջակցելը և Ջերաբլուսը գրավելն է: Թուրքական աղբյուրները հայտնում են, որ մինչ այժմ զինյալները ԻՊ-ից կարողացել են գրավել Ջերաբլուսի մի քանի բնակավայր:
Հավելենք՝ Սիրիայի քրդերը ևս դեմ էին արտահայտվել թուրքական զինուժի գործողություններին՝ նշելով, որ այն առավելապես ուղղված է հենց քրդերի դեմ: Քրդական խմբավորումները վերջին շրջանում հաջողություններ են գրանցում ԻՊ դեմ պայքարում, ինչը Թուրքիային անհանգստացնում է: Թուրքիայի իշխանությունները ևս այսօրվա ելույթներում չթաքցրեցին, որ ԻՊ-ից բացի, գործողություններն ուղղված են նաև քրդերի դեմ: Թուրքիան ցանկանում է իր վերահսկողությունը սահմանել թուրք-սիրիական սահմանի այդ հատվածում՝ փորձելով բացառել քրդերի ձեռքն անցնելու հնարավորությունը: