Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 9-ին, Լիբանանը ծայրահեղականության դեմ պայքարելու և իր սահմանների անվտանգությունը ապահովելու համար ԱՄՆ-ից ստացել է շուրջ 50 մլն դոլար արժողությամբ ռազմական օժանդակություն, այդ թվում՝ 50 միավոր զրահապատ Humvee ամենագնաց, 40 հաուբից և շուրջ հազար տոննա ռազմամթերք:
Այս մասին հաղորդում է ամերիկյան Associated Press գործակալությունը:
Բացի նշված օժանդակությունից Լիբանանին տրամադրվել է նաև 50 միավոր MK-19 ականանետ, իսկ հազար տոննա ռազմամթերքը իր մեջ ներառում է նաև փոքր, միջին և խոշոր տրամաչափի հրետանային արկեր. հայտնում է Լիբանանում ԱՄՆ դեսպանատան կայքը:
ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ միայն այս տարի Միացյալ Նահանգները Լիբանանի անվտանգության ուժերին տրամադրել են շուրջ 221 մլն դոլարի ռազմական օժանդակություն՝ ներառյալ տարբեր մարզումներ և հանդերձավորում: Նշվել է նաև, որ Լիբանանը ԱՄՆ ռազմական ֆինանսավորում ստացող հինգերորդ ամենամեծ պետությունն է:
Այս տարվա մարտին Լիբանանը ԱՄՆ-ից ստացել էր ընդհանուր 26 մլն դոլար արժողությամբ 3 միավոր Bell Huey II ուղղաթիռ՝ դրանց քանակը Լիբանանի բանակում հասցնելով 10-ի:
2006 թվականից սկսած Լիբանանը ԱՄՆ-ից ստացել է շուրջ 1 մլրդ դոլարի ռազմական օժանդակություն:
Pingback: Լիբանանը նախատեսում է 500 մլն դոլարի զինամթերք գնել Ռուսաստանից | Ռազմ.info