Ռուսաստանը մտադրված է ընդլայնել Սիրիայում Հմեյմիմ բազայի ենթակառուցվածը, բազայում ծանր ավիացիայի զետեղման համար հնարավորություններ ստեղծել, ինչպես նաև կառուցել զինավան անձնակազմի համար:
Այս մասին հայտնում է ռուսաստանյան իշխանամետ «Իզվեստիա» լրատվակայքը՝ հղում անելով Դաշնության պաշտպանության խորհրդի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կինցեվիչին:
ՌԴ ավիախումբը կարող է մեծացվել երկկողմ համաձայնության դեպքում: Ռուսաստանը իրավունք չի ունենա ռազմաբազայում մշտական հիմունքներով տեղակայել միջուկային զենք և ծանր ռմբակոծիչներ
ՌԴ ՊՆ-ում լրատվամիջոցի աղբյուրը հայտնում է, որ բազայի ենթակառուցվածքի ընդլայնումը պլանավորվել է դեռևս 2015-ի վերջից: Սակայն օբյեկտի իրավական կարգավիճակի հարցը դեռ չէր լուծվել:
Ֆրանց Կինցեվիչը նաև հայտնել է, որ «Հմեյմիմ» բազան ռուսաստանյան զորքերի տեղակայման համար մշտական բազայի վերածելը պայմանավորված է նաև Ռուսաստանի անվտանգությամբ: Ռուսաստանը հասկանում է, որ եթե միջոցներ չձեռնարկի ահաբեկչական գործունեությունը կհասնի նաև իրեն: Արևմուտքի հետ համաձայնության գալ չի հաջողվում, դրա համար ՌԴ-ն ամրապնդում է Իրանի, Իրաքի և Սիրիայի հետ հարաբերությունները:
Բազայում կդրվի նաև նոր ռադիոտեխնիկական սարքավորում, այդ թվում նաև օդային շարժի ղեկավարման համակարգ:
Ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումայում ներկայացրել էր Սիրիայում ռուսաստանյան ավիախումբ տեղակայելու մասին Սիրիայի և Ռուսաստանի միջև 2015-ի օգոստոսի 26-ին կնքված անորոշ ժամկետով և անհատույց պայամանագիրը վավերացնելու մասին օրինագիծը: Սրանով «Հմեյմիմ» ավիաբազայում ռուսաստանյան ավիախմբի տեղակայումը իրավական հստակ կարգավիճակ կստանա: Սակայն Օրինագիծը ուժի մեջ կմտնի միայն երկու երկրներում սահմանված գործընթացներն անցնելուց, հաստատվելուց հետո:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների ու ապստամբների դիրքերին: