Ռուսաստանի զինուժը համատեղ զորավարժություն է անում նորաստեղծ գվարդիայի հետ

Հուլիսի 25-ին Վոլգոգրադում մեկնարկել է Ռուսաստանի նորաստեղծ ազգային գվարդիայի զորքերի և ՌԴ զինված ուժերի համատեղ զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 30-ը: Այս մասին տեղեկացնում է գվարդիայի կայքը:

Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի ստորաբաժանումը զորավարժության ժամանակ

Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի ստորաբաժանումը զորավարժության ժամանակ

Շուրջ 4000 անձնակազմի և մոտ 500 միավոր ռազմական տեխնիկայի ներգրավմամբ զորավարժության ընթացքում գվարդիայի և զինուժի ստորաբաժանումները կատարելու են հակաահաբեկչական գործողություններ քաղաքային բնակավայրում, ապահովելու են բնակչության անվտանգությունը և հասարակական կարգը:

Զորավարժությանը գվարդիայի կազմից ներգրավվել են նաև հրետանային ստորաբաժանումներ և Մի-24 հարվածային ուղղաթիռների ստորաբաժանում, որոնք էլ խոցելու են նախատեսված մոտ 700 թիրախները, որոնց մի մասը՝ շարժվող:

Այս զորավարժությամբ գվարդիան և զինուժը պատրաստվում են ահաբեկիչների և ծայրահեղականների դեմ պայքարին, ինչի համար էլ ստեղծվել է Ռուսաստանի ազգային գվարդիան:

Նրա խնդիրների մեջ, բացի հակաահաբեկչական պայքարից, մտնում են նաև Ռուսաստանի տարածքում սահմանադրական կարգի պահպանումը, ինչպես նաև ՌԴ զինված ուժերի և սահմանապահների հետ երկրի տարածքային պաշտպանությանը մասնակցությունը: Հենց այս հայտարարված խնդիրների լուծման համար է 2016-ի ապրիլին ստեղծվել գվարդիան:

Ինչ վերաբերում է ահաբեկիչներին, ապա Ռուսաստանի տարածքներից ծայրահեղականների թվով հատկապես աչքի են ընկնում Հյուսիսային Կովկասը և դրանից հյուսիս ընկած տարածքները: Այս տարածքների բնակչությունը հիմնականում մուսուլմանական է, ինչը պարարտ հող է ստեղծում «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական կառույցների համար, որ տարածեն իրենց ծայրահեղական գաղափարները և անկայուն իրավիճակ ստեղծեն տարածաշրջանում:

Վերջին շրջանում Հյուսիսային Կովկասում իրականացվող հակաահաբեկչական գործողությունները Ռազմինֆոն հավաքում է ստորև տեղադրված ինտերակտիվ ժամանակագրության մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *