Հայաստանը Զիմբաբվեի, Ղազախստանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ կմրցի «Զինվորական հետախուզության գերազանցիկները» մրցույթի շրջանակներում: Այսօր՝ հուլիսի 26-ին, 4 երկրների թիմերը Նովոսիբիրսկում սկսել են խոչընդոտների ճիշտ հաղթահարման առաջին պարապմունքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
«Զինվորական հետախուզության գերազանցիկները» կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը Նովոսիբիրսկում: Այն բաղկացած է հինգ փուլից.
- Դեսանտավորում, երթ
- Մեխանիկ-վարորդների մրցույթ
- «Հետախույզի արահետի» հաղթահարում
- Հրաձգություն
- Հետախուզական ջոկի ելքը հավաքատեղի՝ առաջադրանքների կատարումից հետո
Մրցույթին թիմերը մասնակցելու են ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Մի-8 բեռնատար ուղղաթիռներով: Տեխնիկայի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մասնակից բոլոր երկների սպառազինությունում առկա են այդ զինատեսակները:
Գլխավոր փորձությունը մասնակիցների համար «Հետախույզի արահետն» է, որի ընթացքում թիմերը ժամանակահատվածում պետք է հաղթահարեն ավելի քան 20 խոչընդոտ:
5 երկրների թիմերից յուրաքանչյուրը կազմված է 21 մարդուց.
- Պատվիրակության ղեկավար
- Թիմի կապիտան
- Հետախուզական ջոկ – 10 մարդ
- Պահեստային զինծառայողների – 2 մարդ
- Մարզչական թիմ – 2 մարդ
- Սպասարկող անձնակազմ (բժիշկ, թարգմանիչ, ԶԼՄ ներկայացուցիչ) – 3 մարդ
- Տեխնիկական ապահովման խումբ – 2 մարդ
Նշենք, որ մրցույթին պատրաստվելու համար հայկական զորախումբը հուլիս ամսին արդեն սկսել էր վարժանքները Սևանում:
Հայաստանը «Զինվորական հետախուզության գերազանցիկները» մրցույթից բացի նաև մասնակցում է նաև «Տանկային բիաթլոնին», որտեղ Հայաստանի մրցակից են 17 երկրներ, այդ թվում Ադրբեջանը և Իրանը:
Ավելացնենք, որ «Զինվորական հետախուզության գերազանցիկները» մրցույթը անցկացվում է «Բանակային միջազգային խաղեր-2016»-ի շրջանակում: Վերջինս անցկացվում է 2015 թվականից:
«Բանակային միջազգային խաղեր 2016»-ին Ռուսաստանը հրավիրվել էր մասնակցելու 47 երկիր, որոնցից հրավերն ընդունել են 21 մասնակից, այդ թվում Ադրբեջանը, Իրանը, Ղրղստանը, Տաջիկստանը և Ղասախստանը: Մասնակցությունից հրաժարվել է 17 երկիր, որոնց թվում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ:
Pingback: Հայտնի են Հայաստանի մրցակիցները «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթում | Ռազմ.info