ՀՀ նախագահը մասնակցել է ՌՈւՀ-երի շրջանավարտների սպայական վկայականների հանձնմանը

ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

ՌՈւՀ-երի շրջանավարտների հանդիսավոր երթը սպայական վկայականների շնորհման արարողության ժամանակ

ՌՈւՀ-երի շրջանավարտների հանդիսավոր երթը սպայական վկայականների շնորհման արարողության ժամանակ

Նախագահ Սարգսյանը ողջունել է հանդիսավոր արարողության մասնակիցներին, շնորհավորել 2016թ. ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին և մաղթել նրանց հաջողություններ ու անփորձանք ծառայություն:

Սերժ Սարգսյանը ուսման գերազանցիկներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով:

Շրջանավարտներին ուղղված իր խոսքում ՀՀ նախագահը մասնավորապես նշել է. «Դուք ընտրել եք զինվորականի մասնագիտություն մի երկրում, որն արդեն 25 տարի ամեն օր կանգնած է պատերազմի սպառնալիքի առաջ: Սա մեր իրականությունն է: Ձեր մասնագիտական ընտրության փաստն արդեն իսկ խոսում է ձեր բարձր նկարագրի և աշխարհայացքի մասին:

Այսօրվանից մեր ժողովուրդը նաև անձամբ ձեզ է վստահում իր անվտանգությունը և խաղաղ ապրելու իրավունքի իրականացումը: Այդ պատասխանատվությունը բոլորինս է, բայց առաջին հերթին բանակինն է, որովհետև նա առաջին շարքերում է:

Իմ առաջին հորդորն է նորընծա սպաներին. հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց ձեր շնորհիվ այն պետք է բազմապատկվի: Ռազմական ունակություններն ու հմտությունները նոր ինքնավստահություն են հաղորդում յուրաքանչյուր զինվորի: Այդ լրացուցիչ ինքնավստահության ապահովումը ձեր պարտքն է»:

Արարողությունն ավարտվել է շրջանավարտների հանդիսավոր քայլերթով և Պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *