Իսրայելն Ադրբեջանին SandCat զրահամեքենաներ է վաճառել

Հունիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ցուցադրել են իսրայելական արտադրության SandCat զրահամեքենաներ, որոնց գնման վերաբերյալ հունիսի 21-ին հայտնել էր ադրբեջանական Azeri Defence թեմատիկ կայքը:  Լուսանկարներից մեկում երևում է առնվազն 5 իսրայելական զրահամեքենա, սակայն չի բացառվում, որ Ադրբեջանը ավելի շատ թվով նմանատիպ մեքենաներ է գնել Իսրայելից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիգովը. թիկունքում՝ իսրայելական արտադրության SandCat զրահամեքենաներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիգովը. թիկունքում՝ իսրայելական արտադրության SandCat զրահամեքենաներ

Մինչ լուսանկարի հայտնվելը՝ հունիս 21-ին Azeri Defence լրատվակայքը հայտնել էր, որ իսրայելական Plasan ռազմարդյունաբերական ընկերության ներկայացուցիչը Փարիզում կայացած Eurosatory-2016 ռազմական ցուցահանդեսի ընթացքում հայտնել է Ադրբեջանին SandCat զրահամեքենաներ վաճառելու մասին, սակայն նշված տեղեկությունը չէր հաջողվել հաստատել այլ աղբյուրով: 

Զրահամեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերության տվյալների համաձայն՝ մեքենայի վրա կարող է տեղադրվել անօդաչու թռչող սարքերի արձակման մոդուլ: Իսկ ադրբեջանական լրատվակայքի տեղեկություններով՝ Ադրբեջանին վաճառված մեքենաները նաև արդիականացված են հակահետևակային ականներից պաշտպանվելու համար:

Ադրբեջանին վաճառված զրահամեքենաները տարբեր մոդիֆիկացիաների են և նախատեսված են տարբեր առաջադրանքների համար: Դատելով նկարներից՝ զրահամեքենաներից մեկը զինված է դիտարկման էլեկտրաօպտիկական համակարգով:

Իսրայելական արտադրության SandCat զրահամեքենաներ. Ադրբեջանի ԶՈւ

Իսրայելական արտադրության SandCat զրահամեքենաներ. Ադրբեջանի ԶՈւ

Մյուս զրահամեքենան համալրված է իսրայելական Rafael ընկերության արտադրության 2 միավոր Spike LR հակատանկային հրթիռներով և գնադացրով (7,62 կամ 12,7 մմ տրամաչափի):

Մեքենաներից մեկի սպառազինվությունում առակա է 12,7 մմ գնդացիր: Նշված երկու համակարգերն էլ Rafael ընկերության արտադրության Samson հեռակառավարվող մարտական մոդուլի տարբեր տեսակներ են:

Համաձայն արտադրողի՝ նշված մոդուլները կարող են սպառազինված լինել նաև 30–40 մմ տրամաչափի ավտոմատ նռնականետներով, 5,45 – 14,5 մմ տրամաչափի ավտոմատներով և գնդացիրներով:

Ավելացնենք, որ Ադրբեջանը մինչ այս Հարավաֆրիկյան Հանրապետությունից գնում էր գրեթե նույն նշանակության «Մարադյոր» և «Մատադոր» զրահամեքենաներ, որոնց համատեղ արտադրությունն իրականացվում է նաև Ադրբեջանի տարածքում:

Իսրայելական արտադրության SandCat զրահամեքենան՝ սպառազինված Spike հակատանկային հրթիռներով. Ադրբեջանի ԶՈւ

Իսրայելական արտադրության SandCat զրահամեքենան՝ սպառազինված Spike հակատանկային հրթիռներով. Ադրբեջանի ԶՈւ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *