Սեյրան Օհանյան. «Հայաստանը հարգում է Վրաստանի` եվրոատլանտյան հանրությանն ինտեգրվելու որոշումը»

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բրիտանական հեղինակավոր « Jane’s» պարբերականի հետ հարցազրույցում [Jane’s Defense Weekly, մայիսի 11, 2016 թ., էջ 34] մի շարք հարցերի թվում անդրադարձել է նաև Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրման գործընթացին։

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները Երևանում. 01.02.2016թ.

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները Երևանում. 01.02.2016թ.

Օհանյանը մասնավորապես նշել է.

«Հայաստանը հարգում է մեր վրաստանցի ընկերների՝ եվրոատլանտյան հանրությանն ինգետրվելու որոշումն անկախ նրանից, թե ինչպիսի ազդեցություն կունենա այդ որոշումը տարածաշրջանային անվտանգության վրա… դա յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է»։

Հավելենք, որ 2016 թվականի հուլիսի 8-9-ը Վարշավայում կանցկացվի ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը, որտեղ քննարկվելու է նախորդ՝ 2014թ. Ուելսի գագաթաժողովի ժամանակ Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի կետերի կատարման ընթացքը, ձեռքբերումները, թերացումները։

Թեև Վրաստանում սպասելիքները բավական շատ են առաջիկա գագաթաժողովից, այնուամենայնիվ, վերջին մի քանի ամսվա, ինչպես նաև ավելի վաղ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններն այդքան էլ հուսադրող չեն, թե Վրաստանը Վարշավայում հնարավոր է ստանա ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան (MAP- Membership Action Plan ), առավել ևս՝ անդամակցություն։

Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հերթին, հասարակության հիասթափությունը, մանավանդ խորհրդարանական ընտրություններից առաջ մեղմելու համար սկսեց հայտարարել, որ Վրաստանն առաջիկա գագաթաժողովում չի պահանջելու MAP, այլ դնելու է հետագայում միայն անդամակցության հարցը։ Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի ավելի վաղ հայտարարության՝ MAP-ը Վրաստանի համար անցյալ է։

Վարշավայի գագաթաժողովում որոշակի ձեռքբերումների չհասնելու մասին վերջին ամսվա ընթացքում հաճախ են խոսում նաև Վրաստանում ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր թևի քաղաքական գործիչները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *