ՀՀ կառավարությունը աշխատանքային երաշխիքներ կսահմանի աշխարհազորայինների համար

Հայաստանի կառավարության՝ վաղվա՝ մայիսի 12-ի նիստի օրակարգ է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծ, որով կարգավորվելու են պատերազմի ժամանակ առաջնագիծ մեկնած աշխարհազորայինների (կամավորականների) և նրանց գործատուների հարաբերությունները: Այս մասին հայտնի է դառնում կառավարության նիստի օրակարգից (կետ 16):

Կամավորականն Արցախի առաջնագծում, ապրիլ 2016. լուսանկարը «Պանարմենիան» գործակալության

Կամավորականն Արցախի առաջնագծում, ապրիլ 2016. լուսանկարը «Պանարմենիան» գործակալության

«Նախագծով նախատեսվում է աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում)», — նշված է օրենքի նախագծի հիմնավորման մեջ:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածը, ինչի արդյունքում աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը), եթե որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային)՝ կամավորական հիմունքներով մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին:

Նույնը վերաբերում է այն դեպքին, երբ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը (աշխարհազորային)՝ կամավորական հիմունքներով, պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա մասնակցում է այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին:

Աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի երկրորդ կետով սահմանված է, որ պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված աշխատողի միջին աշխատավարձը վճարում կամ հատուցում է այն կազմակերպությունը (մարմինը), որի առաջադրած պարտականությունները կատարում է աշխատողը:

Սակայն կառավարության ներկա նախագծով աշխարհազորայինների դեպքը բացառվում է այս սահմանումից, այսինքն պաշտպանության նախարարությունը կամ զինված ուժերը (մարմինը, որի առաջադրած պարտականությունները կատարում է աշխարհազորայինը) չի հատուցում աշխարհազորայինի աշխատավարձը:

Դրա փոխարեն աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով, որը կնքվում է աշխատողին տրված՝ աշխարհազորային համարվելու մասին տեղեկանքի հիման վրա (տեղեկանքը տալիս է ՀՀ պաշտպանության նախարարությունը):

Կառավարությունում քննարկվելիք նախագծի երկրորդ հոդվածով սահմանվում է, որ օրենքի փոփոխությունը տարածվում է նաև 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, այսինքն օրենքը տարածվում է նաև ապրիլյան մարտերի մասնակից աշխարհազորայինների (կամավորականների) վրա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտ է աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանել կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային) համարվող աշխատողների համար:

Ըստ նախագծի հիմնավորման՝ նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովում՝ 2016 թվականի ապրիլի 1-ից հետո կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքների (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում) սահմանմամբ:

Հիշեցնենք, որ կառավարությունն օրենքի նախագիծը քննարկելու է վաղը՝ մայիսի 12-ին: Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում նախագիծը կուղարկվի ՀՀ Ազգային ժողով:

Ավելացնենք, որ աշխարհազորայինների (կամավորականների) համար աշխատանքային և սոցիալական երաշխիքների սահմանման վերաբերյալ ՀՀ կառավարության մտադրության մասին երեկ՝ մայիսի 10-ին, հայտնել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Կամավորների կարգավիճակի հաստատման առումով օրենսդրական խնդիր ունենք և այդ ուղղությամբ աշխատում ենք: Բացի այդ, հստակեցվում են սոցիալական երաշխիքները», — նշել է նախարար Ասատրյանը:

2 responses to “ՀՀ կառավարությունը աշխատանքային երաշխիքներ կսահմանի աշխարհազորայինների համար

  1. Pingback: Կառավարություն. կամավորների համար կսահմանվեն աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց կամավորականների աշխատեղը պահպանելու մասին օրենքի նախագիծը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *