Այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հրավիրել և պաշտպանության նախարարությունում ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպման առիթը ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունն է եղել և դրան առնչվող ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրն այն մասին, թե իբր արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Արևելյան Ատրպատական նահանգի Վերին Կոլիբեգլու գյուղում կան վիրավորներ և ավերածություններ:
Իրանի ռազմական կցորդը չի հաստատել վիրավորների առկայության մասին տեղեկատվությունը և հայտնել է, որ իրանական կողմը դիմել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերին՝ առավելագույն ուշադրություն ցուցաբերել նման կարգի պատահարները բացառելու նպատակով:
Ճշտելով գյուղի աշխարհագրական կորդինատները, հայկական կողմը հայտնում է, որ նշված բնակավայրը գտնվում է արցախյան ուժերի թիկունքում, հետևաբար, հայկական ուժերի կողմից դրա հրետակոծումը քիչ հավանական է: Հանդիպման ընթացքում նշվել է, որ այս փաստը շատ նման է սադրանքի և չի բխում հայկական կողմի շահերից:
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել անմիջական շփումները՝ ապատեղեկատվության տարածումը բացառելու համար: Այս համատեքստում Պաշտպանական բանակը լրացուցիչ կուսումնասիրի հրետակոծման փաստը և համապատասխան կարգով կտեղեկացնի իրանական կողմին:
Pingback: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեպանին | Ռազմ.info