Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 3-4

Քրդական ANF News լրատվական գործակալությունը փետրվարի 3-ին փոխանցել է PKK-ի վիճակագրական տվյալները թուրքական ուժայինների կորուստների մասին, որտեղ նշվում է, որ միայն 2016-ի հունվար ամսին PKK-ի զինյալները սպանել են 98 թուրքական ուժայինների:

Թուրքական հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ.

Թուրքական հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ.

Նույն աղբյուրը փետրվարի 4-ին հայտնում է, որ Սուր գավառում արդեն 65-րդ օրն է, ինչ շարունակվում են ուժգին բախումները: Նշվում է, որ այսօրվա բախումների ընթացքում քրդական կողմը դեռևս կորուստներ չի ունեցել: Քրդական գործակալությունը նաև հայտնում է, որ թուրքական օդուժը շարունակում է ռմբակոծել Իրաքի տարածքում քրդական բնակավայրերը` սպանելով խաղաղ բնակիչներին:

Թուրքիայի արևելքում առավել լարված իրավիճակ է Դիարբեքիր նահանգի Սուր և Շրնաքի Ջիզրե գավառներում: Երկու օրվա ընթացքում այդ գավառներում սպանվել է առվնազն 4 թուրքական ուժային:


Թուրքական ուժայինների կորուստները. թուրքական աղբյուրներ

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 3-ին հայտնել էր, որ PKK-ի դեմ գործողություններում Սուր քաղաքում սպանվել է 2 հատուկջոկատային, որոնցից մեկը վիրավորվել էր փետրվարի 2-ի մարտերում: Պետական «Անադոլու» լրատվական գործակալությունն իր հերթին հայտնել է նաև Սուր քաղաքում փետրվարի 3-ին սպանված ևս 1 հատուկջոկատային ոստիկանի մասին:

«Իհլաս» լրատվական գործակալությունն իր հերթին փետրվարի 3-ին հայտնել էր, որ Սուր քաղաքում սպանված մեկ հատուկջոկատայինի հետ մարտերում վիրավորվել են ևս 4 հատուկջոկատային: «Միլլիյեթ» պարբերականի կայքը փետրվարի 4-ին հայտնում է, որ Ջիզրե գավառում սպանվել է ոստիկանության մեկ հատուկջոկատային:

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքն իր հերթին փետրվարի 3-ին հայտնել է, որ շուրջ 5 հազար ոստիկանության, ժանդարմերիայի և ԶՈւ հատուկջոկատայիններ Ջիզրեում շարունակում են մարտեր վարել PKK-ի զինյալների դեմ, մտնում են տներ, խուզարկություններ անցկացնում: 2015-ի դեկտեմբերի 14-ին սահմանված «փողոց դուրս գալու արգելքը» դեռևս շարունակվում է:

Թուրքական հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ.

Թուրքական հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ.

«Իհլաս» լրատվական գործակալությունը փետրվարի 3-ին հայտնել էր, որ Սուր քաղաքի 9 թաղամասերում վերացվել է «փողոց դուրս գալու արգելքը»: Հիշեցնենք, որ փետրվարի 3-ի առավոտյան հայտնի էր դարձել քաղաքի 15 թաղամասերից վերջին 4-ում ևս արգելք սահմանելու մասին: Ներկայիս դրությամբ, թուրքական աղբյուրների փոխանցմամբ, արգելքը գործում է միայն 6 թաղամասերում: Թուրքական գործակալությունը նաև հայտնում է, որ Սուր գավառի բնակիչները դեռևս շարունակում են հազարներով գաղթել:


PKK-ի կորուստները

Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն փետրվարի 4-ին հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերից մինչ 2016-ի փետրվարի 3-ը թուրքական ուժայինները Շրնաք նահանգի Ջիզրե գավառում սպանել էն PKK-ի 526, իսկ Դիարբեքիրի Սուր գավառում` 154 զինյալ:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. 28.01.2016 թ.

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. 28.01.2016 թ.

Նշենք, որ զինված բախումներ են ոչ միայն Սուր և Ջիզրե գավառներում: Գրեթե նմանատիպ իրավիճակ է նաև Շրնաքի Սիլոփի գավառում, Մարդին, Հաքքարի նահանգներում, ինչպես նաև Թուրքիայի քրդաբնակ արևելյան այլ գավառներում: Սակայն քրդական ուժերը առավելագույն դիմադրություն ցուցաբերում են Դիարբեքիր և Շրնաք նահանգներում, մասնավորապես` Սուր և Ջիզրե գավառներում:

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

One response to “Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 3-4

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Տարածաշրջան․ 31 հունվարի – 6 փետրվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *