Իտալական կառավարությունը որոշել է մեծացնել իր՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ԱՄՆ-ի համակարգած առաքելության շրջանականերում իրականացվող իտալական Prima Parthica գործողության համար Իրաքում գտնվող զինծառայողների թիվը։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» բլոգը` հղում անելով ֆրանսիական TTU տեղեկագրին։
Մինչև նոյեմբերի վերջ նախատեսվում է իտալացի զինծառայողների թիվը 580-ից (220-ի՝ Քուվեյթում, իսկ 360-ը՝ Իրաքում՝ Բաղդադում և Էրբիլում) հասցնել 750-ի։
Նշենք, որ զինծառայողների թիվը հիմնականում աճելու է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բանակի՝ Փեշմերգեի զորքերին մարզող հրահանգիչների հաշվին, որոնց թիվը Բաղդադում 30-ից հասցվելու է 100-ի, իսկ Էրբիլում՝ 120-ից 160-ի։
Նշվում է, որ չնայած զինծառայողների թիվը մեծացնելուն՝ Իտալիան մտադիր չէ զինել Քուվեյթում տեղակայված և հետախուզության համար օգտագործվող իր 4 միավոր Tornado բազմանպատակային կործանիչներ։
Հավելենք, որ Իտալիայում նախարարների խորհուրդը վերջերս հաստատել է նաև Prima Parthica գործողության բյուջեն՝ շուրջ 65 մլն եվրո:
Ավելացննք, որ Tornado բազմանպատակային կործանիչները Քուվեյթում են այս տարվա սկզբից։ Հատկանշական է, որ մեկ ամիս առաջ Corriere della Sera լրատվակայքը, հերքելով դրանից ժամեր առաջ տեղական լրատվակայքի այն լուրերը, թե Իտալական ռազմական ուժերը պատրաստվում են ավիահարվածներ իրականացնել Իրաքում, հայտարարել էր, որ դա միայն հիպոթեզ է, որը պետք է քննարկվի առաքելության մասնակցող մյուս գործընկերների հետ։
Միևնույն ժամանակ նշվել էր, որ ավիահարվածները համաձայնության դեպքում իրականացվոելու էին բացառապես Իրաքի տարածքում, և ոչ Սիրիայում։