Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 14

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, 18։52-ի դրությամբ , սպանվել է 3 ուժային, վիրավորվել է 15 ուժային, ձերբակալվել է PKK-ի 15 անդամ, ևս 3 զինյալ «շարքից հանվել է»: Բացի այդ, վիրավորվել է 3 քաղաքացիական (այդ թվում՝ մեկ երեխա)։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։



Today’s Zaman․ Թուրքիայի ԶՈւ-ն սեպտեմբերի 11-ին օդային հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքի Գարա լեռներում տեղակայված PKK-ի 64 հենակետերի։ PKK-ի դեմ օդային գործողություններում օգտագործվել են F-16 և F-4 կործանիչներ։ Հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ սպանվել է 60-ից ավել PKK-ի անդամ։


Միլիյեթ․ Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր գավառում հատուկ նշանակության ոստիկանները ձերբակալել են այգիներից մեկում պայթուցիկ տեղադրել ցանկացող 2 կամ 3 անձ։ Այգում կատարած խուզարկությունների արդյունքում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են մեծ թվով պայթուցիկ նյութեր։

Անադոլու․ Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգում՝ Կարլըովա-Էրզրում ավտոմայրուղու վրա, PKK-ի զինյալները կտրել են Էրզրումից Բինգյոլ գնացող զինվորական մեքենայի ճանապարհը և կրակել նրա ուղղությամբ։ Հարձակման արդյունքում վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել 1 սերժանտ։ PKK-ի զինյալներին ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Դողան․ Սեպտեմբերի 11-ին Թուրքիայի ՆԳ նախարար Սելամի Ալթընոքը պաշտոնից հեռացրել է Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառի համանուն քաղաքի քաղաքապետ, ազգությամբ քուրդ Լեյլա Իմրեթին։ Նա Ջիզրեի դատախազության կողմից մեղադրվում է ժողովրդին ապստամբության դրդելու և քարոզչություն իրականացնելու համար։

Անադոլու․ Սեպտեմբերի 11-13-ը Ստամբուլում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի գխավոր շտաբի պետերի կոնֆերանսի ժամանակ ՆԱՏՕ-ի դաշնակից զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիիդլովը հայտնել է իրենց աջակցությունը Թուրքիային՝ PKK-ի դեմ պայքարում։

«Մենք կարծում ենք, որ բոլորս պայքարելու իրավունք ունենք ընդդեմ ահաբեկչության և ահաբեկչական խմբավորումների»․ ասել է նա։


Reuters. Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին կոչ է արել Անկարային Բաղդադի հետ համաձայնեցնել իր ռազմական գործողությունները ընդդեմ PKK-ի։ Նա նշել է, որ Իրաքը հիմնականում լռել է Թուրքիայի Զու ՌՕՈւ-ի կողմից PKK-ի զինյալների դեմ Իրաքի մի շարք շրջաններում կազմակերպած օդային հարվածների ժամանակ։ Սակայն անցած շաբաթ Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների Իրաք ներխուժումը համաձայնեցված չի եղել Բաղդադի հետ։

IMC. Թուրքիայի հարավային Ադանա քաղաքի մի քանի թաղամասերում ոստիկանությունը փորձել է միջամտել ցուցարարների գործողություններին։ Ոստիկանների կրակելու արդյունքում վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել երկու ցուցարար։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում PKK-ի զինյլաները պայթեցրել են ոստիկանական մեքենա։ Պայթյունի հետևանքով վիրավորվել և հոսպիտալացվել է 1 ոստիկան։ Պայթյունը կազմակերպած անձանց ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Դողան․ Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառի 15 շրջաններում հայտարարված պարետային ժամից հետո բախումներ են սկսվել հատուկ գործողություններ իրականացնող ուժայինների և PKK-ի զինյալների միջև։ Բախումների արդյունքում վիրավորվել է 7 ոստիկան։

Անադոլու․ Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում PKK-ի զինյալները ականանետով հարձակվել են խրամատները ծածկել ցանկացող ոստիկանական խմբի վրա։ Հարձակման արդյունքում սպանվել է 1 ոստիկան, ևս 1-ը վիրավորվել է։ PKK-ի զինյալներին ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Թուրքական Nokta ամսագիրն այսօր առավոտյան լույս է տեսել Էրդողանի՝ սպանված ուժայինի թաղման ֆոնին սելֆի անող նկարով շապիկով: Ավելի ուշ թուրքական ոստիկանությունը խուզարկություններ է սկսել ամսագրի գրասենյակում: Ամսագրի թվիթերը նշում է, որ ոստիկանությունը պատրաստվում է հավաքել այսօր լույս տեսած համարի բոլոր օրինակները:


Անադոլու․ Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում՝ Շրնաք-Ուլուդերե ավտոմայրուղու 2կմ-ին, PKK-ի զինյալները պայթուցիկ նյութերով և հրազենով հարձակվել են ճանապարհի վրա որոնողական աշխատանքներ իրականացնող ոստիկանական խմբերի վրա։ Հարձակման արդյունքում սպանվել է 2 ոստիկան, վիրավորվել 5-ը։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։ Օդ է բարձրացվել ժանդարմերիայի 23-րդ սահմանապահ դիվիզիայի հրամանատարությանը պատկանող «Կոբրա» ուղղաթիռ։ Գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 2 զինյալ:


Իհլաս․ Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբայազեթ շրջանում հատուկ գործողույան արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի մեկ զինյալ։

Անադոլու․ Թուրքիայի Շրնաք նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի 13 անդամ է ձերբակալվել։

Միլիեթ․ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում սեպտեմբերի 13-ից պարետային ժամ է հայտարարվել։ Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, քաղաքում փոխհրաձգություն է եղել ոստիկանության և PKK-ի զինյալների միջև։

Միլիեթ․ Թուրքիայի Էրզրում հահանգում PKK-ի զինյալները փակել են Չաթ և Բինգյոլ Քարլըովա շրջանները կապող ճանապարհը։

Հյուրիեթ․ Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբայազեթ շրջանում PKK-ի զինյալները հարձակվել են զինվորական պահակախմբի վրա։

Հյուրիեթ․ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Յենիշեհիր շրջանում PKK-ի զինյալները հարձակվել են ոստիկանական զրահամեքենայի վրա։

Դողան․ Թուրքիայի Հաքքարի նահանգում՝ դեպի Վան տանող ճանապարհի 30-րդ կմ․-ին, անվտանգության ուժերը կանխել են PKK-ի զինյալների կողմից նախաձեռնվող պայթյունը։

Հյուրիեթ․ Թուրքիայի Դողու և Գյունեյդողու շրջաններում PKK-ի զինյալները երեք բեռնատար մեքենա են այրել։

Միլիեթ․ Թուրքիայի Շրնաք նահանգի Ջիզրե շրջանում պայթյունի հետևանքով 12-ամյա մի տղա է վիրավորվել՝ կորցնելով մի ձեռքն ու ոտքը։

IMC․ Թուրքիայի Բոլու նահանգի Մուդուրունու շրջանում ռասիստական խմբի կողմից հարձակման են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող քուրդ բանվորներ։ Դեպքի վայր ժամանած թուրքկան ոստիկանությունը որևէ միջամտություն ցույց չի տվել։ Քուրդ բանվորներին հաջողվել է փախուստի դիմել։

Դողան․ Թուրքիայի Բիթլիս նահանգում անվտանգության ուժերը ձերբակալել են PKK-ի 2 անդամ։

Իհլաս․ Թուրքիայի Շըրնաք նահանգի ղեկավարությունը Ջիզրե շրջանում պարետային ժամը շարունակելու որոշում է կայացրել։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *